«ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցում պարտավորություններ չունի». Եվսեև

«Դասեր պետք է քաղել ՀԱՊԿ-ի երևանյան նիստից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացված գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ստորագրել էին շուրջ 20 փաստաթուղթ և եզրափակիչ հայտարարություն։ Ըստ ռուսական մամուլի, սակայն, գագաթաժողովը, որն անցկացվեց բավականին փակ մթնոլորտում, անցել է տարաձայնությունների պայմաններում։ Դժգոհություններ կան նաև այն առնչությամբ, որ հայտնի չդարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, այդ հարցն ընդհանրապես հանվեց գագաթաժողովի օրակարգից, ինչը տարօրինակ էր, քանի որ քարտուղարի փոփոխության հարցը քննարկվում է արդեն բավականին վաղուց։

Ի դեպ, նոր քարտուղարը պետք է լիներ ՀՀ ներկայացուցիչ, և ըստ  որոշ տեղեկությունների՝ ՀԱՊԿ անդամ երկրները չեն կարողանում համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ նշանակելու շուրջ, ուստի հարցի քննարկումը հետաձգվել է մինչ մյուս հանդիպում, որը կկայանա այս տարվա վերջին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Ըստ ՀԱՊԿ տարածած հաղորդագրության՝ ՀԱՊԿ-ը եզրափակիչ հայտարարություն է ընդունել, որն արտացոլում է ՀԱՊԿ երկրների մոտեցումները  միջազգային ակտուալ հարցերի առնչությամբ։ Կա անդրադարձ նաև ԼՂ հակամարտությանը։

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս գագաթաժողովի ընթացքում շրջադարձեր չգրանցվեցին, սակայն թերագնահատել դրա արդյունքները չի կարելի։ Նրա համոզմամբ, չի կարելի թերագնահատել, քանի որ այս գագաթաժողովն ըստ էության ՀԱՊԿ անդամ երկրների միջև տարաձայնությունների լակմուսի թուղթ դարձավ, իսկ դրանք պետք է ըստ պատշաճի վերլուծվեն։ «Վերջնականապես բացահայտվեց, որ Ռուսաստանի շահերը չեն համընկնում միջինասիական երկրների հետ, անդրկովկասյան Հայաստանի շահերի հետ, այս բոլոր երկրների շահերը կիսում է միայն Ռուսաստանը, բայց նրանք միմյանց հետ ընդհանուր շահ չունեն։ Դրա հետ կարելի է կապել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայությունը երևանյան գագաթաժողովից։ Սրանք լուրջ ուղերձներ են ՀԱՊԿ-ի ղեկավար կազմի և ՌԴ իշխանությունների համար։ Պետք է դասեր քաղել ստեղծված իրավիճակից»,- ասաց Եվսեևը։ Վերջինիս կարծիքով,  այնուամենայնիվ արդարացված չեն գնահատականներն այն մասին, որ  ՀԱՊԿ-ն անիմաստ կառույց է։ «Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում կարող են լինել տարաձայնություններ, սակայն ՀԱՊԿ-ը շատ ավելի լայն ձևաչափ ունեցող համագործակցություն է՝ պայքար ահաբեկչության դեմ, սպառազինության վաճառք արտոնյալ գներով, համատեղ զորավարժություններ, ուսուցումներ ՀԱՊԿ անդամ երկրներում։ ՀԱՊԿ-ը միայն պատերազմի ժամանակ համագործակցելու և իրեն դրսևորելու կազմակերպություն չէ»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության վերաբերյալ տարածված հաղորդագրությանն ու գնահատականներին, թե նման անդրադարձը, որը պարզապես խաղաղության կոչի էր նման, բավարար չէր՝ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ անդրադարձը հենց այդպիսին էլ պետք է լիներ։ «ՀԱՊԿ-ը չունի պարտավորություններ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ՀԱՊԿ-ը միայն կարող է խաղաղություն ցանկանալ։ Հայաստանը  հարձակման ենթարկվելու դեպքում կարող է դիմել ՀԱՊԿ-ին՝ օգնություն ստանալու խնդրանքով։ Սա է ՀԱՊԿ-ի ձևաչափը»,- ասաց Եվսեևը։

 

Տեսանյութեր

Լրահոս