«Քանի՞ հարկանի բոնուս է գործում Գյումրիում, որ 32 տոկոս ձայն ստացած Բալասանյանը օրենքի տառի և կետի համաձայն հռչակվում է քաղաքապետ». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումն ընդդիմության՝ երկարուձիգ տարիների պահանջն էր: «Ես առանձնապես ռոմանտիկ չեմ, որ հավատամ, որ դրանով մենք լուծելու ենք մեր ընտրական արատավոր համակարգի բոլոր խնդիրները. ցուցակներ հրապարակեցինք, և վերջ։ Օրինակ՝ առաջիկա ապրիլյան ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ։

Ինչևէ, բայց ես մեկ մտավախության մասին եմ ուզում բարձրաձայնել՝ կա՛մ հերքեք, կա՛մ հաստատեք։ Տեղեկություն կա (ի դեպ, տեղեկությունն ինձ տրամադրվել է Եվրոպական միության մեր որոշ գործընկերների կողմից՝ Հայաստանում աշխատող), որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է իր մասնաբաժնով այս նոր համաձայնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումներով՝ իր մասնաբաժին պայմանավորվածւթյունը կատարել, այսինքն՝ եթե չեմ սխալվում, խոսքը 3 մլն եվրոյի մասին է, ինչը մեր գործընկերների մոտ առաջացրել է որոշակի մտավախություն, որ, եթե կառավարությունն ասում է՝ ես փող չունեմ, սա արդեն կարող է խոսել այս համաձայնության հնարավոր չեղարկման մասին»։

Նա նաև խնդրեց բացատրել, թե «քանի՞ հարկանի բոնուս է գործում Գյումրիում, որ 32 տոկոս ձայն ստացած Բալասանյանը օրենքի տառի և կետի համաձայն՝ հռչակվում է քաղաքապետ»։ Նա հարցրեց՝ արդյոք հիմա ժամանակը չէ՞, որ այդ փոփոխությունը մտցնեն. չի կարող 32 տոկոս ձայն ստացած անձը համարվել գյումրեցիների վստահությունը վայելող ընտրված քաղաքապետ։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խնդրեց հրապարակել, թե ովքեր են նման մտահոգություն հայտնել։ Նրա խոսքով՝ 3 մլն եվրոյի մասին խոսակցություն էր գնում, երբ ներդրվում էր մեկ այլ համակարգ՝ նախագրանցման հետ կապված. եթե այդ համակարգը չի գործելու, շարունակելու են այդ գումարներն ուղղել այն ծրագրին, որ կյանքի են կոչում՝ նույնականացման քարտեր, իսկ համաֆինանսավորման պատրաստ են, այժմ այլ գումարների մասին է խոսքը։

Անդրադառնալով երկրորդ հարցին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ Երևանում այսօրվա ընտրական մեխանիզմը բավական ժամանակ է՝ գործում է, և նույնն է, ինչ Գյումրիինը։ Նա ասաց, որ հասկանում է՝ ընտրությունների արդյունքներից դժգոհողները կարող են մտահոգություններ հայտնել և հաշվարկել, որ, եթե մեխանիզմն այլ լիներ, ավելի մեծ շանսեր կունենային։

«Դա միշտ է գործելու»,- ասաց նա։ Ըստ նրա՝ ընտրական մեծանիզմներում պետք է շեմ գործի, այն չհաղթահարած կուսակցությունները մանդատ չեն կարող ստանալ։ Նա նշեց, որ, եթե կուսակցություններից մեկը 20 տոկոս ձայն է ստացել, իսկ մյուսը՝ 10, մնացած կուսակցությունները, որոնք շատ են, 2-3 տոկոս ձայն են ստացել, «ասացեք՝ խնդրեմ, ո՞վ է հաղթել այդ ընտրությունները։ Տեսականորեն կարելի է ասել՝ 70 տոկոսը ձայն չեն տվել կամ 80 տոկոսը ձայն չեն տվել առաջին կուսակցությանը։ Այո, բայց նրանք այնքան փոշիացված ուժեր են, որ նրանց մեկ միասնական քաղաքական ուժ դիտել չի կարելի, և ընտրական շեմերը դրված են հենց դրա համար։ Եթե դուք գտնեք երկրներ, որտեղ ընտրական շեմեր չկան, ապա դրանք կլինեն ընդամենը բացառություններ, և այդ երկրներում գործում են այլ մեխանիզմներ»։

Նա նշեց, որ այս փուլում փոփոխություններ անելու անհրաժեշտություն չի տեսնում։ Արձագանքելով՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սամվել Բալասանյանը չի կարող համարվել Գյումրու ընտրված քաղաքապետ, այլ հարց է՝ ընդդիմադիր ուժերը կարողացե՞լ են համախմբվել, թե՞ ոչ, բայց որ նա չի կարող արտահայտել հավաքական գյումրեցիների հավաքական տեսակետը, դա փաստ է։ Ըստ նրա՝ իրենք փորձելու են իրենց առաջարկվող կարգավորել այս անճշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս