Ինչպես սխալվեցին սոցիոլոգները Վանաձորում (գծապատկեր)
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի և Գյումրու ավագանիների ընտրության արդյունքներն ու դրանց հաջորդած զարգացումները թերևս ծանոթ են ներքաղաքական անցուդարձով հետաքրքրվող ցանկացած քաղաքացու։
Ամեն դեպքում, հիշեցնենք կոնկրետ Վանաձորի քվեարկության արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի։
Ընտրողների թիվը՝ 96548, քվեարկությանը մասնակցածների թիվը՝ 41278 (մասնակցությունը՝ 42.8%)։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ (տոկոսները հաշվել ենք ինքներս)՝
ՀՀԿ` 14889 ձայն, 36.07%,
Լուսավոր Հայաստան՝ 10899 ձայն, 26.4%,
Հայկական վերածնունդ՝ 5286 ձայն, 12.81%,
ԲՀԿ՝ 5286 ձայն, 6.96%,
ՀՅԴ՝ 2522 ձայն, 6.11%,
Քաղաքացիական պայմանագիր՝ 1617, 3.92%,
Համախմբում՝ 984 ձայն, 2.38%,
ՀԱԿ՝ 551 ձայն, 1.33%,
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 1620 (3.92%)։
Քվեարկությունից 2 օր առաջ «Գելափ» ինթերնեյշնլ սոցիոլոգիական կազմակերպության տնօրեն Արման Նավասարդյանը լրագրողներին էր ներկայացրել Վանաձոր քաղաքում սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշները՝ համաձայն իր ղեկավարած կազմակերպության հարցումների:
Հարցումն իրականացվել էր սեպտեմբերի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսով, 600 հոգու շրջանում։
Մենք կազմել ենք գծապատկեր, որտեղ կանաչ գույնով կուսակցությունների ստացած փաստացի քվեներն են (տոկոսներով), կարմիրով՝ ըստ սոցհարցման արդյունքների։
Ինչպես տեսնում եք՝ փաստացի արդյունքների և սոցհարցման արդյունքների միջև էական տարբերություն կա՝ բոլոր կուսակցությունների մասով։ Ու այդ շեղումը աչք է ծակում հատկապես ԼՀԿ-ի մասով։
Իհարկե, սոցիոլոգները կունենան իրենց բացատրությունները։ Օրինակ, նրանք կարող են ասել, որ իրենց հարցումներով՝ մոտ 30%-ը դժվարացել է պատասխանել, թե ում է ընտրելու։ Այսինքն՝ չկողմնորոշված ընտրազանգվածն է, որը վերջին 2 օրերի ընթացքում կողմնորոշվել է հիմնականում դեպի ընդդիմադիր կուսակցությունները։
Մեկ այլ բացատրություն էլ կա՝ հարցման ժամանակ ընդդիմության օգտին քվեարկել պատրաստվողները խուսափում են անկեղծ պատասխանել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով։ Արդյունքում, իշխանական կուսակցությունների վարկանիշը ստացվում է գերագնահատված, ընդդիմադիրներինը՝ թերագնահահատված։
Բայց ինչ հիմնավորում էլ բերեն, միայն ԼՀԿ-ի մասով16.6 տոկոսային կետով սխալը բավական է՝ գոնե լռելու համար։ Ի վերջո, եթե հարցման արդյունքները նման այս չափով շեղվում են փաստացի արդյունքներից, ի՞նչ իմաստ հարցումներ անցկացնել ու հրապարակել։
Իհարկե, տեսակետներ կան, որ նման սոցհարցումների իրական նպատակը համապատասխան սպասումներ ձևավորելն ու դրանով ընտրությունների արդյունքների վրա ազդելն է։ Օրինակ, եթե ընդդիմադիր տրամադրված ընտրողները տեսնում են, որ հարցման արդյունքներով բացարձակ առաջատարը գործող իշխանությունն է, նրանց մի մասը կարող է ի սկզբանե հիասթափվել և չգնալ ընտրության՝ մտածելով, որ միևնույն է, ամեն ինչ պարզ է, և իր ձայնը ոչինչ չի փոխելու։
Մենք, իհարկե, չենք ասում, «Գելափն» ու մյուսները նման թաքնված նպատակներ ունեն։ Պարզապես լավ կլինի, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողները հիշեն նման սխալներն ու սոցհարցումների հիման վրա վերջնական եզրակացություններ չանեն։