«Այդ ակնոցների ակցիաները տարիներ շարունակ կատարվում են, ի՞նչ է, մենք էլ ասենք, որ մեկ այլ քաղաքական ո՞ւժ է կատարում». Վահրամ Բաղդասարյան
«Այստեղ եղավ հայտարարություն, որ Վանաձոր քաղաքում Մամիկոն Ասլանյանի անվան ինչ-որ նոտարական հիմնադրամ է եղել, բացարձակապես զրպարտանք է դա. այդ ակնոցների ակցիաները տարիներ շարունակ կատարվում են, ի՞նչ է, մենք էլ ասենք, որ մեկ այլ քաղաքական ո՞ւժ է կատարում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում չճշտված տեղեկություններ են շրջանառվում։ Վ. Բաղդասարյանը հորդորեց ընդդիմադիր գործիչներին՝ ընդունել իրենց պարտությունը և չմրոտել ընտրությունների ընթացքը։
«Ես խնդրում եմ, բացեք ձայնագրությունները, թե ընտրության օրն ինչպես էին արտահայտվում ընդդիմադիր քաղաքական գործիչները, որ իդեալական ընտրություններ են, փայլուն ընտրություններ են, արդյունքները հայտարարվելուց հետո այդ նույն մարդիկ խոսում են կաշառքներից, կեղծիքներից։ Մարդիկ արդեն իսկ չեն հաշտվել իրենց պարտության հետ ու ցանկություն են հայտնում մրոտել ընտրությունների ընթացքը։ Մենք մի նոր քայլ ենք կատարել, մենք շատ լուրջ քայլ ենք կատարել դեպի ժողովրդավարություն, պետք չէ զբաղվել կեղտոտելով, մրոտելով, պետք է ընդառաջել։ ՀԱԿ-ի նախաձեռնությամբ «4+4+4» նախաձեռնություն ձևավորեցինք, ու ողջունեց ամբողջ հանրությունը, պետք չէ մրոտել այդ նախաձեռնությունը»,- հայտարարեց ՀՀԿ ղեկավարը։