«Չեմ կարծում՝ այստեղ մեծամասնության ինքնասիրությունը կարող է վնասվել, եթե կողմ քվեարկվի». Նաիրա Զոհրաբյանը՝ Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի մասին
Այսօր Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Մահացած զինծառայողների գործերի քննության, թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով՝ ՀՀ Ազգային ժողովի եզրակացությունը ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը»։
Քվեարկությունից առաջ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ խմբակցությունն այդ հարցի շուրջ։
ԱԺ նախագահ Գ. Սահակյանն ասաց, որ ինքն այդ գործն անձամբ քննարկել է տարբեր մասնագետների հետ. «Այս պահին կարծում եմ՝ որոշակի բացթողումներ կամ ոչ լրիվ ճշմարտացի մոտեցումներ կան ամբողջական նախագծում։ Այդ առումով կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր քվեարկությամբ կփորձենք այդ հարցը լուծել կամ չլուծել, առավել ևս, ես կարծում եմ՝ Ազգային ժողովն այն հաստատությունը չէ, որը պետք է կարողանա լուծում տալ այն խնդիրներին, որոնք կախված չեն Ազգային ժողովից»։
Նախագծի հեղինակ Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց Գ. Սահակյանին. «Նախ՝ դուք այդ հարցումները որ կատարել եք, կապված խաղաղ պայմաններում մահացած, սպանված զինծառայողների գործերի վերաբերյալ, ձեր կատարած հարցումները չեն բավարարել մահացած, սպանված զինծառայողների ծնողներին, և, հետևաբար, նրանք պնդում են, որ այդ հանձնաժողովը գործի ու կատարի որոշ գործառույթներ ու եզրակացություն հայտնի Ազգային ժողովի բացթողումների և խնդիրների վերաբերյալ»։
Նա նաև հայտնեց, որ այս պահին ԱԺ մուտքի մոտ կանգնած են խաղաղ պայմաններում սպանված, մահացած զինծառայողների ծնողները։
Պատգամավոր Տ. Ուրիխանյանն էլ վստահություն հայտնեց, որ նստածներից ամեն մեկի «սրտից արյուն է հոսում», երբ տեսնում է զոհվածների մայրերին. «Ստեղծեք հնարավորություն այս հարցը քննարկելու՝ անկախ քաղաքական նախասիրություններից»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես կողմ արտահայտվեց նախագծին՝ նկատելով, որ սա քաղաքական հարց չէ. «Չեմ կարծում՝ այստեղ մեծամասնության ինքնասիրությունը կարող է վնասվել, եթե կողմ քվեարկվի պարզ մի նախագծի, որպեսզի սպանված զինվորի ծնողի ձեռքից ոչ թե բռնեն, շպրտեն հերթական ցույցն անելուց, այլ այստեղ բոլոր քաղաքական ուժերը քննարկեն տեղի ունեցած դեպքերը։ Չի կարելի ամեն հարց քաղաքականացնել և թույլ չտալ՝ քաղաքական ուժերն այդ հարցը քննարկեն խորհրդարանում»։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես հորդորեց կողմ քվեարկել նախագծին։ Նա ընդգծեց, որ պետք է անպայման ուշադրություն դարձնել այդ դեպքերին, որոնք վերաբերում են զինծառայողներին։
Պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ հայտարարեց, որ բոլորս պարտք ունենք զինծառայողների, բանակի և զիծնառայողների ծնողների առաջ։ Նա նկատեց, որ նախագիծն ունի թերություններ, բայց, ըստ նրա, դա երկրորդական է, կարող են հետո շտկել։
ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը. «Մենք բոլորս գիտենք, որ, իրոք, խնդիր գոյություն ունի, քաղաքական դաշտից դուրս է, մենք այդ նպատակով կթողնենք այն իրավապահ մարմիններին, ինչպես նաև աջակցել զոհվածների ծնողներին։ Դրա համար ՀՀԿ խմբակցությունը նպատակահարմար է գտնում քվեարկությանը չմասնակցել՝ աջակցելով հենց խնդրի լուծմանը»։
Նշենք, որ նախագիծն օրակարգ չընդգրկվեց՝ կողմ՝ 28, դեմ՝ 0, ձեռնպահ 2 հարաբերակցությամբ։