«ԴիջիԹեք-2016». թվով 120 հայկական և արտասահմանյան ընկերություններ կներկայացնեն տեխնոլոգիական նոր լուծումներ
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսը մեկնարկում է արդեն վաղը: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մի շարք հայկական և արտասահմանյան ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը և այն լուծումները, որոնք կարող են հեշտացնել մարդկանց կյանքը մի շարք ոլորտներում:
«ԴիջիԹեքի»՝ 2015 թվականին գրանցած հաջողությունն աննախադեպ էր: Ցուցահանդեսին մասնակցում էին թվով 150 ընկերություններ, իսկ մասնակիցների թիվը գրեթե 45 հազար էր: Միջոցառումն իրականացնող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն թվով 120 ընկերություններ: «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսին մասնակցել ցանկացող սկսնակ ընկերությունները, ստարտափները կստանան ֆինանսական արտոնություններ՝ 40% զեղչ:
12-րդ «ԴիջիԹեքին» մասնակցելու են նաև մեծ թվով արտասահմանյան կազմակերպություններ: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թայվանը, Գերմանիան և Հնդկաստանը ներկայացնող ընկերությունները ևս կունենան տաղավարներ: Հնդկաստանը հանդես է գալիս՝ որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ արտաահմանյան ընկերությունները ոչ միայն կունենան մասնակցություն, այլև կիրականացնեն միջոցառումներ, որոնք կարևոր են Հայաստանի համար:
Խոսքը մասնավորապես ռուսական և ամերիկյան ընկերությունների կողմից անցկացվող ծրագրերի մասին է: Բոլոր ստարտափները հնարավորություն կունենան մասնակցել ռուսական հայտնի GenerationS աքսելերատորի կողմից անցկացվող մրցույթին: Մրցույթն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ:
Իսկ ԱՐՓԱ-ն կանցկացնի «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:
12-րդ «ԴիջիԹեքի» օրակարգը շատ հագեցած է լինելու: Ցուցադրության ընթացքում տեղի կունենա «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 150 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում: Այս շքերթի ընթացքում տեղի կունենա նաև ռոբոտների մրցույթ:
Մրցութային փուլը կշարունակի «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:
«ԴիջիԹեքի» առանձնահատուկ ուղղվածություններից մեկը լինելու է ռազմաարդյունաբերությունը: Ցուցահանդեսը տեղի է ունենում քառօրյա պատերազմից հետո և անմիջապես կրում է դրա ազդեցությունը:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ շատ ընկերություններ կներկայացնեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կփորձեն բարձրացնել Հայաստանի պաշտպանության մակարդակը:
«Մենք փորձնական ծրագիր ենք սկսել ապրիլյան իրադարձություններից հետո զորացրված երիտասարդներին 6 ամսվա ընթացքում ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ տալու ուղղությամբ: Այս զինծառայողների առաջին խումբն արդեն անցել է կուրսի մեծ մասը, և նույնպես մասնակցություն կունենան ցուցահանդեսին: Նրանց մասնակցությունը կոգեշնչի մյուս զինծառայողներին ևս մասնակցություն ունենալ ծրագրավորման դասընթացներին»,- նշում է Կարեն Վարդանյանը:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ կցուցադրվեն շատ նոր զինատեսակների տեխնոլոգիական հատվածները՝ առանց բացելու ռազմական գաղտնիքները:
«ԴիջիԹեք -2016» ցուցահանդեսն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ՀՀ կառավարության հովանու ներքո: Միջոցառման պլատինե հովանավորը UCOM-ն է:
Սիրարփի Աղաբաբյան