Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը կաթված է ստացել

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է ստացել՝ առատ արյունազեղմամբ: Այս մասին հայտնել է այն կլինիկայի ներկայացուցիչը, ուր սեպտեմբերի 13-ին տեղափոխել են 93-ամյա քաղաքական գործչին: Սա բուժող բժիշկների առաջին հայտարարությունն է հոսպիտալացման պահից ի վեր:

«Պերեսն ուղեղի կաթված է տարել զգալի արյունազեղմամբ»,- ասել է «Շիբա» կլինիկայի ներկայացուցիչը, որի ելույթը մամուլի համար տեղական հեռուստաալիքները հեռարձակել են ուղիղ եթերով:

«Իններորդ նախագահին բուժում են «Շիբայի» լավագույն բժիշկները: Նրան մի քանի անգամ հետազոտել են, այժմ նա դեղորայքային քնի մեջ Է եւ միացված Է թոքերի օդափոխման ապարատին: Առաջիկա ժամերին կկայանա նրա վիճակի եւս մեկ գնահատում»,- հավելել Է բժիշկը:

Պերեսը, որը ծնվել է արդի Բելառուսի տարածքում, երկու անգամ գլխավորել է Իսրայելի կառավարությունը: 2007-2014 թվականներին նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ դառնալով աշխարհում պետությունների գործող ղեկավարներից ամենաավագը: 1993 թվականին պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագրերի ստորագրման համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Իցհակ Ռաբինի եւ պաղեստինցիների առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս