«Ռուս-թուրքական հարաբերությունները չեն սերտանում այնքան, որքան մինչ ռուս-թուրքական հակամարտության փուլն էր». Յուլիան Կիֆու
«Ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը չի փոխում Թուրքիայի պարտավորությունները ՆԱՏՕ-ում, Թուրքիան նվիրված է ՆԱՏՕ-ին՝ որպես այդ դաշինքի անդամ»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած մամլո ասուլիսի ընթացքում ասաց Ռումինիայի Հակամարտությունների կանխարգելման և նախազգուշացման կենտրոնի ղեկավար Յուլիան Կիֆուն՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ստրելնի Կոնստանտինովյան պալատում 2015թ.-ից առաջին անգամ կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքներին: Հիշեցնենք, որ այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերականգնել աշխատանքները՝ «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև՝ «Ակկույու» ատոմակայանի կառուցման շուրջ:
Այդ մասին Պուտին-Էրդողան համատեղ ասուլիսում հայտարարել էր ՌԴ նախագահը: Վերջինս նշել էր, որ համատեղ քննարկել են էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ թուրքական կողմից արդեն կան համապատասխան որոշումները: Իր հերթին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ատոմակայանի կառուցմանը Թուրքիան ռազմավարական նշանակության կարգավիճակ է տալիս, և, որ այդ հարցում արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Իսկ «Թուրքական հոսքի» մասին էլ Էրդողանը նշել է, որ նախագծի իրականացումը պետք է արագացվի:
Յուլիան Կիֆուի կարծիքով՝ որևէ դրամատիկ իրադարձություն տեղի չի ունեցել, թեև Արևմուտքում ռուս-թուրքական մերձեցման շուրջ որոշակի անհանգստություն կա, և Թուրքիային այդ կապակցությամբ հարցումներ են ուղարկվում: Սակայն փորձագետը շեշտեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար արժեքավոր և ուժեղ անդամ է, ավելին, պահպանում է իր դիրքերն ալյանսի ներսում, և այս դեպքում, ինչպես դաշինքին, այնպես էլ՝ Թուրքիային անհրաժեշտ է այդ անդամակցությունը: «Իմ կողմից չափազանցություն չի լինի նաև, եթե ասեմ, որ շատ երկկողմ նախաձեռնություններ չեն հասել Ալյանսի հեռանկարների համար ռազմավարական կարևորության աստիճանի: Ռուսաստանի և Թուրքիայի դեպքում խոսքը նախկին առևտրատնտեսական կապերի վերականգնման և Սիրիայում Թուրքիայի ազատ գործողությունների քննարկման մասին է: Բայց շատ են տարաձայնություններն այս երկու մայրաքաղաքների միջև»,- ասաց Կիֆուն: Վերջինիս համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերությունները փոփոխություններ չեն կրել Թուրքիայում նախաձեռնված ռազմական հեղաշրջումից հետո:
«Գյուլենի հանձնման հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածությունը երկկողմ հարաբերություններում մեկ էպիզոդ է, որը միայն պաշտոնական դիմումից հետո լրջորեն կդիտարկվի և ազդեցություն չի ունենա ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների վրա: Ի դեպ, Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի նվիրված անդամ, պահպանում է իր բոլոր պարտավորությունները»,- նկատեց վերլուծաբանը` շարունակելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը չի փոխում Թուրքիայի պարտավորությունները ՆԱՏՕ-ում: Յուլիան Կիֆուն նաև շեշտեց, որ այդ հարաբերությունները վերականգնվում են, բայց դրանք չեն սերտանում այնքան, որքան մինչ ռուս-թուրքական հակամարտության փուլն էր:
Գնահատելով ՆԱՏՕ-ի որոշումը Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում բազմազգ բատալյոններ տեղակայելու վերաբերյալ՝ Կիֆուն ասաց, որ ՆԱՏՕ-ի այդ քայլը լիովին արդարացված ու հավասարակշռված է: «Դա չի նշանակելու՝ անպայմանորեն ուժի կիրառում, եթե համեմատենք ռուսական զորքերի հետ: Արևելյան թևի հյուսիսային հատվածում զորքերի համեմատականը 7: 1 է՝ ի օգուտ Ռուսաստանի՝ այն դեպքում, երբ 3:1 հարաբերակցությունն արդեն իսկ ռազմական տեսանկյունից հարձակման հաջողության գրավական է: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի 42-րդ հոդվածը փաստում է համերաշխության անհրաժեշտության մասին, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների դեմ ցանկացած հարձակում կնշանակի՝ հարձակում ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի նկատմամբ:
Իսկ 43-րդ հոդվածում Արևելյան թևի հարավային հատվածի վերաբերյալ շեշտվում է իրական ժամանակում բազմազգ զորքեր ուղարկելու՝ ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին: Եվ մենք խոսում ենք ոչ միայն՝ ցամաքային, այլև՝ օդային ու ռազմածովային ուժերի մասին: Սև ծովում հերթական անգամ Ռուսաստանը միակողմանի կերպով սկսել է մեծացնել իր ռազմական ուժերը, Ղրիմում ու Նովոռոսիայում ավելի մեծ ռազմական ներկայություն է ձեռք բերել, քան բաց ծովում ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի միակ առավելությունն օպերատիվ կերպով այս տարածաշրջաններ ուժեր ուղարկելն է»,- ասաց Կիֆուն: Վերջինիս համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն ներկայումս ավելի միասնական ու ամուր է, ինչի մասին փաստում են ՆԱՏՕ-ի վերջին որոշումները: