«Որ օրը Շոյգուն կգա Ստեփանակերտ և ԼՂ իշխանությունների հետ կքննարկի խաղաղապահ ուժերի հարցը, միգուցե դրան կարելի է լուրջ վերաբերվել». Թևան Պողոսյան
«Կարող է իրենք երկուսն էլ երազում են դրա մասին, կամ փորձում են, բայց դա լուծելու համար առաջին հերթին՝ պետք է գալ Արցախի իշխանությունների հետ խոսել: Ա՛յ, որ օրը Շոյգուն կթռնի, կգա Ստեփանակերտ և Արցախի իշխանությունների հետ կքննարկի խաղաղապահ ուժերի հարցը, միգուցե դրան կարելի է լուրջ վերաբերվել: Եթե ոչ, ապա մի բան պետք է բոլորս գիտակցենք, որ այս րոպեին հազարավոր մարդիկ աշխարհում իրար հանդիպելուց կարող են իրար հարցնել, թե ինչ են մտածում Ղարաբաղի մասին, բայց դա կլինի նրանց սեփական կարծիքները: Իսկ Ղարաբաղում տեղի է ունենալու այն, ինչ այստեղ ապրող բնակիչները պատրաստ են լինելու դիմակայել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի մոսկովյան հանդիպումները՝ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի իր գործընկերների հետ, և դրանից հետո Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումն ու հայ-ադրբեջանական շփման գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին տարածված լուրերը:
Թ.Պողոսյանը նշեց, որ անցած հուլիսի 30-ից Ղարաբաղում է, այս 2 շաբաթների ընթացքում շատ ժամանակ է անցկացրել առաջնագծի տարբեր հատվածներում, և միայն մի բան կարող է փաստել՝ ոչ մեկն Արցախում չի պատրաստվում ոչ մի թիզ հող զիջելու, ամեն ինչ անում են, որ սահմաններն ամուր ու արդիական միջոցներով պաշտպանված լինեն:
Պատգամավորը բացառեց հայկական կողմին պարտադրանքի հնարավորությունը. «Ամեն մեկը կարող է ունենալ երազանքներ ու փորձել: Խնդիրը հայ ազգի միասնականությունն է, պատրա՞ստ ենք դիմակայել միասնական շահի համար: Եթե մենք պատրաստ ենք բոլորս իրար մեջք մեջքի տալ ու, պայքարենք, մեր կռիվը տանենք, ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել: Այս 17 օրերի ընթացքում հանդիպել եմ բոլոր պետական մարմինների ղեկավարների հետ, այցելել գյուղեր, առաջնագիծ և վստահ կարող եմ ասել՝ արցախցին պատրաստ է դիմակայել, ցանկացած սցենար ընդունել և իր հաղթանակն ապահովել:
Հարցն այլ է՝ մենք բոլորս պետք է քննարկե՞նք ինչ-որ այլ անհատների սցենարներ, թե՞ զբաղվելու ենք մեր հայրենիքի անվտանգության, ամրության ապահովմամբ: Եթե զբաղվելու ենք հայրենիքի անվտանգությամբ ու ամրությամբ, բոլորս ջանքեր ենք ներդնելու և մտքներովս չենք էլ անցկացնելու, որ կարող է որևէ մեկը մեզ պարտադրել, և ցանկացած սցենարի պատրաստ ենք լինելու, ուրեմն որևէ մեկի երազանքները կյանքի չեն կոչվելու, բացի մեր երազանքներից: Եթե ավելի շատ մտահոգվելու ենք, թե Շոյգուն ինչ արեց, Ալիևն ու Էրդողանն ինչ երազեցին, Ժիրինովսկի, Պուտին և այլն, ապա ինչ ասես կարող են մեր գլխին անել: Իսկ եթե ամեն ինչ դնենք մի կողմ և զբաղվենք երկրի անվտանգությամբ, պայքարենք կոռուպցիայի դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմամբ, մեր տնտեսությանը զարկ տալով, մեր սահմաններն արդիականացնելով, և այլն, ուրեմն ամեն ինչն էլ մեր երազածով կլինի: Եթե պատրաստ ես քո երազանքը կյանքի կոչելու, ուրեմն քո կռիվը կտաս: Մենք մեր կռիվը չենք ավարտել, մեր պատերազմը չի ավարտվել: Մենք դրան պատրաստ պետք է լինենք: Դա միայն խոսքով չէ, այլ աշխատանքով: Եկեք մեր աշխատանքն անենք»: