«Սարգսյանի համար շահավետ չեն արմատական գործողությունները». Կայծ Մինասյան

168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

-Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:

– Փարիզից, բնականաբար, դժվար է գնահատել ստեղծված իրավիճակը, դրա պատճառները: Կարող եմ ասել, որ երկրում ստեղծված վիճակը լարված է, իշխանություններն ապրիլյան պատերազմից հետո հայտարարում էին, թե այլևս անկարելի է այդպես շարունակել, ուստի պետք է բարեփոխումներ իրականացնեն, ընդդիմադիր ուժերն են նույն բանն ասում, հասարակությունը, սփյուռքը: Կարծում եմ՝ կան պատճառներ, որ «Սասնա ծռեր» խումբը նման անհույս քայլի դիմեց և անպատասխանատու նախաձեռնությամբ հանդես եկավ: Ես չեմ կարող ամբողջությամբ մեղադրել այդ խմբի գործողությունները, քանի որ նրանց շարքում են ազատամարտիկներ, ֆիդայիներ: Ուստի, կարծում եմ, որ բոլոր միջոցները պետք է գործադրել, բոլոր միջոցներն օգտագործել, որպեսզի արյուն չթափվի, սա, կարծում եմ, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը հասկանում են: Հույս ունեմ, որ միջոցներ կգտնեն, որպեսզի արյուն չթափվի:

– Կիրակի օրվանից գրավված է ՊՊԾ գունդը, իրավիճակն արդեն մի քանի օր անփոփոխ է, երեկոյան բողոքի ակցիաներ են անցկացվում, լարված իրավիճակ, բանակցություններ են շարունակվում ԱԱԾ-ի և խմբավորման անդամների միջև: Իշխանությունն ինչպե՞ս պետք է վարվի այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար:

– Սերժ Սարգսյանը կտրուկ, արմատական միջոցներ գործադրելու շահ չունի: Նա Մարտի 1-ից մինչ այսօր համոզված է, որ արյուն չպետք է թափվի: Ընդդիմադիր ուժերը ևս գիտեն, որ անկարելի է արյունահեղությունը: Ուստի, կարծում եմ, որ երկու կողմերը համոզված են, որ բանակցություններով պետք է հարցը լուծվի, այլ ճար չկա: Այն ազատամարտիկները, որոնք գրավեցին ՊՊԾ գունդը, հայտնի են, նրանց ճանաչում է Սերժ Սարգսյանը, նրանց ճանաչում են իշխանությունները, ընդդիմադիր ուժերը, ուրեմն անիմաստ է ծայրահեղությունների ուղիով գնալ, բոլոր պայմանները կան, որպեսզի այդ հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը համոզված է, որ չի կարող արյուն թափվել, ընդդիմադիր ուժերը՝ ևս, ուրեմն պետք է խելք հավաքվի, որպեսզի այդ հարցը հանգիստ ձևով կարգավորվի:

– Բանակցություններ ընթանում են, դրանց առարկան հայտնի չէ, հայտնի է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պահանջում են իշխանափոխություն, ազատություն Սէֆիլյանին ու մյուս քաղբանտարկյալներին: Կարծում եք՝ իշխանությունը պատրա՞ստ է նման զիջումների:

– Չեմ կարող իշխանությունների կողմից պատասխանել: Կարծում եմ, որ որքան երկար՝ այնքան լավ, պետք է շարունակել բանակցությունները: Այսինքն՝ դժբախտ դեպքեր ենք ունեցել մեր պատմության ընթացքում՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, և մենք չենք կարող նոր դժբախտ դեպք թույլ տալ մեր պատմության ընթացքում:

– Եթե դուրս գանք այս իրավիճակից՝ առանց դժբախտ հետևանքների, ի՞նչ հետևություններ պետք է անեն իշխանությունները:

– Իշխանություններն այլևս կոնկրետ ձևով պետք է բարելավեն երկրի տնտեսական, քաղաքական մթնոլորտը: Հայաստանը կարծես թատրոն է դարձել, այսինքն՝ իբրև թե ինքնիշխան պետություն է, բայց չենք տեսնում այդ ինքնիշխանությունը, իբրև թե ՀՀ քաղաքական կարգավիճակը գոյություն ունի, բայց տեսնում ես իրականում, որ չկա: Այսինքն՝ ՀՀ-ն դարձել է Ռուսաստանի ինքնավար մարզը: Սա է իրականությունը: Եթե մենք իսկապես ինքնիշխան ենք, քայլեր պետք է անենք իսկապես նման պետություն դառնալու համար: Քառօրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այլևս նման կերպ չեն շարունակելու, անհնար է նման կերպ շարունակել, բայց ի՞նչ փոխվեց քառօրյա պատերազմից հետո մինչ այսօր, որտե՞ղ են այդ փոփոխությունները: Սերժ Սարգսյանն ասում էր՝ «Հավատանք, որ փոխվենք», որտե՞ղ են այդ փոփոխությունները: Ժողովուրդը, հասարակությունը հոգնել է, ձանձրացել է: Ուրեմն պետք է իշխանությունները շտկեն իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս