Բաժիններ՝

Շվեդ լրագրողի ֆիլմը բարձրաձայնում է ինքնասպանությունների խնդիրը

«Ինքնասպանությունն ամեն դեպքում հասարակության պարտությունն է, ու այդ մասին Շվեդիայում շատ քիչ է խոսվում: Հուսով եմ՝ իմ ֆիլմն առիթ կտա խոսելու այդ մասին»,- խոսելով իր «Երկաթգիծ» վավերագրական ֆիլմի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգությամբ շվեդ, ֆիլմի ռեժիսոր, մասնագիտությամբ լրագրող Գունար Բերգդալը:

Նշենք, որ ռեժիսորը Հայաստան է եկել մասնակցելու «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին՝ ներկայացնելով իր «Երկաթգիծ» վավերագրական ֆիլմը: Այս ֆիլմը պատմում է մարդկանց մասին, որոնք գնացքի տակ նետվելով՝ ինքնասպանություն են գործում: Այստեղ ոչ թե այն մարդկանց պատմությունն է պատմվում, ովքեր ինքնասպանություն են գործում, այլ այն մեքենավարների, որոնց գնացքի տակ այդ մարդիկ իրենց գցել են:

Գ. Բերգդալը շատ ուրախ է, որ իր ֆիլմը՝ որպես էքսպերիմենտ, աշխատել է: Նա ներկայացրեց վավերագրական ֆիլմ նկարահանելու հիմնական պրակտիկան: «Ինչ-որ մեկին խոշոր պլանով վերցնում են ու նկարահանում, իսկ մենք այնպես ենք արել, որ ավելի շատ ձայները լսվեն»,- ասաց նա: Գ. Բերգդալն ասաց, որ, թեև շվեդական հեռուստաընկերությունն իրենց մոտեցումը չի ընդունել, բայց ռեժիսորն ուրախ է, որ այն աշխատել է:

«Այս ֆիլմը հենց ինքնասպանության գաղափարից չէր: 10 տարի առաջ շվեդական մի գնացքով ճամփորդում էի ու այդ գնացքի միակ ուղևորն էի: Եվ քանի որ ես միակ ուղևորն էի, վարորդն ասաց՝ «արի, իմ կողքին նստիր, և մենք կարող ենք զրուցել»: Այդ պահին, երբ մենք Նորվեգիայի արևմտյան կողմով ճանապարհորդում էինք, շատ հետաքրքիր արևի լույս էր ներս մտնում, որն իմ վրա մեծ ազդեցություն թողեց: Ես աշխատում էի այդ գեղեցկության հիշողությունը պահել իմ մտքում և օգտագործել, բայց օգտագործելիս պետք էր հակադրել այդ գեղեցկությունն ինչ-որ մի սև բանի հետ, ու դա եղավ ինքնասպանության թեման: Շվեդիայում մարդիկ 5 անգամ ավելի շատ են ինքնասպան լինում, քան այլ վայրերում: Բավականաչափ ռեսուրս Շվեդիայում չի հատկացվում նրան, որ կանխվեն այդ երևույթները: Ինքնասպանությունը, բոլոր դեպքերում, հասարակության պարտությունն է, ու այդ մասին Շվեդիայում շատ քիչ է խոսվում: Հուսով եմ՝ իմ ֆիլմն առիթ կտա խոսելու այդ երևույթի մասին»,- նշեց շվեդ ռեժիսորը:

Կարդացեք նաև

Gumar (2) Gumar (1)

14 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է մոտ 1 տարվա ընթացքում. «Մենք ավելի երկար էինք նախատեսում, բայց մտածեցինք՝ կարող է ձանձրալի լինի»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս