Toyota-ն 1,43 մլն ավտոմեքենա հետ է կանչում անվտանգության բարձերի անսարքության պատճառով
Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնն ամբողջ աշխարհից 1,43 միլիոն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձերի անսարքության պատճառով: Կորպորացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է անվտանգության բարձերի աշխատանքում հնարավոր անսարքությունների հետ, որոնք կարող են հանգեցնել ուղեւորների եւ վարորդների վնասվածքների:
Ավելի վաղ նշվում էր միայն 2010-2012 թվականների թողարկման Prius, 2010 եւ 2012 թվականների թողարկման Prius Plug-In, ինչպես նաեւ 2011 եւ 2012 թվականների թողարկման Lexus CT 200h մոդելների 482 հազար ավտոմեքենաների հետկանչման մասին:
Կիոդո գործակալության տվյալներով՝ հետկանչման ծրագրի մեջ են մտնում նաեւ այլ ավտոմեքենաներ, այդ թվում՝ թողարկված 2008-ից մինչեւ 2012 թվականներն ընկած ժամանակամիջոցում: Հյուսիսային Ամերիկայում եւ Մեքսիկայում հետ է կանչվում 495 հազար ավտոմոբիլ, Եվրոպայում՝ 141 հազար, իսկ բուն Ճապոնիայում՝ միանգամից 743 հազար ավտոմոբիլ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: