Ստեղծվում են պայմաններ, որ երիտասարդությունը մնա գյուղում. համայնքի ղեկավար
Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղը (նախկինում Դուդուկչի, գտնվում է Հադրութի հարավ-արևելյան մասում` «Հյուսիս-հարավ» մայրուղուց 17 կիլոմետր հեռավորության վրա) միշտ էլ եղել է բարերարների ու շրջվարչակազմի ուշադրության կենտրոնում, որն էլ հիմք է հանդիսանում, որ գյուղի բնակչությունը, մանավանդ երիտասարդությունը, չհեռանա գյուղից:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի ղեկավար Ռոմա Ղարայանը և, որպես ասվածի վկայություն, նշել. «2008 թվականին կառավարության միջոցներով գյուղի համար կառուցվել է նոր դպրոց, 2013-ին արմատներով քյուրաթաղցի ռուսաստանաբնակ (Գեորգևսկ) բարերար Արմեն Դավթյանի միջոցներով վերանորոգվել է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ մեկ այլ բարերարի (կրկին արմատներով քյուրաթաղցի ռուսաստանաբնակ) Վալերի Կազարովի աջակցությամբ էլ կառուցվել է արտեզյան ջրհոր` գյուղն ապահովելով խմելու և ոռոգման ջրերով»:
Քառօրյա պատերազմի զինադադարից հետո գյուղում կրկին շինարարական եռուզեռ է. բազմազավակ և զոհված զինծառայողի ընտանիքների համար կառուցվում են տներ, իսկ 2015 թվականից էլ սկսվել է համայնքային կենտրոնի շինարարությունը: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի և Կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է համայնքային կենտրոն, որտեղ ներառվելու են գյուղապետարանը, հանդիսությունների տունը, բուժկետը և գրադարանը: Աշխատանքներն ընթացքի մեջ են, և հուսանք, որ մինչև տարվա վերջ գյուղը կունենա նոր հանդիսությունների տուն»,- պարզաբանել է համայնքի ղեկավարը:
Իսկ երեք երեխաների հայր 30-ամյա Սամվել Օհանջանյանը, ով հիմքից է սկսել տան կառուցումը, մեզ հետ զրույցում պատմել է, որ շուրջ երեք տարի է, ինչ սկսել է իր տան կառուցման աշխատանքները և չի կարողացել ավարտին հասցնել: «Շինանյութ ձեռք բերելու գործում շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանն աջակցություն է ցուցաբերել. երևի մինչև օգոստոսի վերջ կվերջացնեմ տանս կառուցումը»,- գոհունակությամբ ասել է Սամվելը:
«Յուրաքանչյուր գյուղի զարգացման համար շատ կարևոր են նմանօրինակ օժանդակությունը, աջակցությունը և ուշադրությունը. դրանք կնպաստեն երիտասարդությանը գյուղում պահելու կարևորությունը: Անհրաժեշտ է միայն երիտասարդությանը ապահովել նաև աշխատանքով,- պարզաբանել է համայնքի ղեկավարը և ավելացրել,- Քյուրաթաղում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմաններ կան, մարդիկ աշխատանքով կարողանում են իրենց ընտանիքների կարիքները հոգալ: Տարին ընդհանուր առմամբ բարենպաստ է. գյուղացիները նախապատրաստվում են հնձին` ակնկալելով բարձր բերք»: