«Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ կարգի միության անդամ կցանկանա լինել». Լիլիթ Գևորգյան

«Առաջինն, ինչ Հայաստանը կամ ցանկացած հետխորհրդային երկիր պետք է անի՝ ճիշտ գնահատի, թե ինչ է տեղի ունենում Բրիտանիայում և ինչու: Եվ հատկապես պետք է զգույշ լինել և չընկնել այնպիսի լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք պատկանում են եվրոպական ծայրահեղ պահպանողական կուսակցություններին կամ ռուսական պետական հսկողության տակ են։ Ըստ նրանց` ԵՄ-ը դա մի թույլ անհասկանալի կառույց է, և Բրիտանիայի դուրս գալով, կսկսվի ԵՄ-ի կազմալուծումը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով Բրիտանիայում Brexit-ին ու ՀՀ-ԵՄ հարաբերություններին այս փոփոխությունից հետո:

Լիլիթ Գևորգյանը նշեց, որ նախ պետք է հստակ հասկանալ, որ Բրիտանիայի ելքը բացարձակ անակնկալ չէր, քանի որ ՄԲ-ԵՄ հարաբերությունները միշտ էլ խնդրահարույց են եղել: Նա ընդգծեց, որ Բրիտանիան ԵՄ-ի հիմնադիր անդամ չէ, ավելին այն միշտ ինքնության խնդիր է ունեցել, իրեն համարելով ոչ ամբողջությամբ եվրոպական երկիր, այլ մի պետություն որը հատուկ դեր ունի ԱՄՆ-ի և մայրցամաքային Եվրոպայի միջև: Ավելին, ըստ նրա, տարիներին ընթացքում, ԵՄ-ի որոշ շրջանակներում անգամ կարծիք էր ձևավեորվել, թե գուցե Միությունն ավելի ուժեղ կլինի առանց Բրիտանիայի:

«Եթե նմանատիպ հանրաքվե տեղի ունենար Ֆրանսիայում և այն որոշեր դուրս գար, ապա սա իսկապես լուրջ խնդիր կլիներ: Բրիտանիայի դուրս գալով, կուժեղանա Գերմանիայի և Ֆրանսիայի ազդեցությունը միությունում: Սա նաև հանրավորություն կտա Լեհաստանին ստանձնելու ավելի որոշիչ դեր: Ավելին, Փարիզը, Ֆրանկֆուրտը, Ամստերդամը, Դուբլինը կշահեն խոշոր բիզնեսի Լոնդոնից հնարավոր արտահոսքից:

Ի վերջո, Մեծ Բրիտանիան կբանակցի սերտ առևտրային պայմանագիր ԵՄ-ի հետ, ինչպես օրինակ, Նորվեգիան: Սա նշանակում է, որ սերտ հարաբերությունները կշարունակվեն ԵՄ-ի հետ: Այս ամենից առավել կտուժի Բրիտանիան, քանի որ ԵՄ- ի հետ առևտրային շուկայի անդամ լինելու համար այն կաշարունակի խոշոր մուծումներ կատարել Եվրամիությանը, և ընդունել աշխատուժի ազատ շարժի պայմանը: Այսինքն, միգրանտների հարցը այդպես էլ չի լուծվի, ԵՄ-ին մուծումները առանձնապես չեն նվազի, բայց Բրիտանիան իրավունք չի ունենա ազդելու ԵՄ-ի կողմից ընդունվող օրենքների վրա:

Ավելին, Մեծ Բրիտանիայի ներկայիս կառուցվածքը կարող է փոխվել: Թե Շոտլանդիան, թե Հյուսիսային Իռլանդիան նշել են, որ ցանկանում են մնալ ԵՄ-ի կազմում: Թե Շոտլանդիան, թե Հյուսիսային Իռլանդիան նշել են, որ ցանկանում են մնալ Եվրամիության կազմում: Շոտլանդական անկախության հանրաքվեն միանգամյան իրատեսական է»,- նշեց նա:

Հայաստանը, վերջինիս համոզմամբ, պետք է սխալ չգնահատի իրավիճակը, և համարի ներկայիս նահանջը իբրև ԵՄ-ի տապալում: Վերլուծաբանի դիտարկումների համաձայն, ԵՄ-ն ստատիկ միություն չէ, որ փակ դռների հետևում պարտադրվում է քաղաքացիներին:

«Որքան էլ ցավալի լինեն արդյունքները, ի վերջո, բրիտանական հանրաքվեն հենց ապացույցն էր, որ մարդկանց ձայնը վճռորոշ կարող է լինել: ԵՄ-ը արժեքների վրա հիմնված  միություն է, և երբեմն հենց այդ արժեքները պահպանելու համար, երկրներ կլինեն, որ դուրս կգան: Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ կարգի միության անդամ կցանկանա լինել:

Ի դեպ, շատ կարևոր է նաև նշել, որ ոչ միայն Բրիտանիայում, այլ նաև ԵՄ-ի անդամ երկրներում, երիտասարդների բացարձակ մեծամասնությունը եվրոպացի են իրենց համարում: Բրիտանիայի հանրաքվերն այժմ ներայացվում է իբրև ծերերի հաղթանակը երիտասարդների նկատամբ: Աչքաթող անել այն փաստն, որ ապագա սերունդը ԵՄ-ում, և այդ թվում նաև Բրիտանիայում հավատարիմ է մնում Եվրոպական դաշինքին սխալ կլինի ԵՄ-ի քննադատների համար»,-նման տեսակետ հայտնեց Լիլիթ Գևորգյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս