«Մի երկու մետր էր մնացել, որ հասնեմ բլինդաժում մարտնչող դասակի հրամանատարին, հարցնեմ, թե ինչ պետք է անեմ, երբ նա զոհվեց աչքիս առաջ»
Ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում թշնամու հարձակումը դիմակայելիս վիրավորված Հայոց բանակի ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը, ում զինվորական ծառայության ժամկետն ավարտվում է այսօր՝ հունիսի 23-ին, համարում է, որ իր համար մահից կյանքի վերադառնալն անհավատալի հրաշք է: Նա մարտնչել է իրենց անունները հերոսի փառքով պսակած դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի եւ Վիկտոր Յուզիխովիչի կողքին, ոտքերից ու թեւից ծանր վիրավորվել, անգիտակից վիճակում տեղափոխվել Մարտակերտի, ապա Ստեփանակերտի ու Երեւանի զինվորական հոսպիտալներ, մեկ շաբաթ մնացել է կոմայի մեջ եւ միայն ութերորդ օրը եկել գիտակցության:
«Հիմա ոտքերս կարողանում եմ ազատ շարժել, սակայն թեւս մնում է անշարժ, հավանաբար, բուժվելու համար դեռ երկար ջանք ու ժամանակ կպահանջվի: Բայց առավել դժվար եմ հաղթահարում հոգեկան ս թրեսը, ոչ մի ակնթարթ չեմ կարողանում բաժանվել ռազմի դաշտում ծավալված դեպքերի տպավորություններից, ապրած մղձավանջային ժամերից, հրամանատարիս ու մարտական ընկերներիս կորստյան ցավից:
Մերուժան Ստեփանյանը զոհվեց ինձնից մի քանի մետր հեռավորությամբ: Ինը հոգով ժամեր շարունակ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ու ցերեկվա ընթացքում թշնամու հարյուրավոր զինվորների գրոհն ու հրետակոծության հեղեղն էինք դիմագրավում: Որքան պատեց մեր ուժերը, կռվեցինք՝ մինչեւ վերջին փամփուշտը, վերջին ճիգերը: Ինձ ամրացված զենքով ու նռնակներով ընկերներիս հետ կրակել ու ոչնչացրել ենք թշնամու տասնյակ զինվորների:
Հետո մարտը ծավալվեց խրամատի մեջ: Վերջին նռնակը նետեցի թշնամիների ոտքերի տակ. մի քանի մետր էինք հեռու իրարից: Նրանցից մեկն էլ իր նռնակը նետեց: Ես ընկած դիրքում էի, եւ, մինչ կհասցներ պայթել թշնամու նռնակը, այն ոտքով հասցրի հրել դեպի թշնամին: Այն հրելու պահին պայթեց, բայց վնասեց միայն ոտքերս, որոնք քրքրվել էին նռնակի բեկորներից:
Մի երկու մետր էր մնացել, որ հասնեմ բլինդաժում մարտնչող դասակի հրամանատարին, հարցնեմ, թե ինչ պետք է անեմ, երբ նա զոհվեց աչքիս առաջ, եւ ես մենակ մնացի թշնամու բազմաքանակ ուժերի դեմ: Որ ասեմ, թե չէի վախենում, այդպես չէր, բայց այդ պահին, երբ շաղվել էի արյան ծովի մեջ, թեւս եւ ուսոսկրս փշրվել էին, արյունը ծորում էր հագուստիցս, նաեւ ներսից լցվում էր բերանս, ծարավը հաղթա հարելու համար ցեխաջուր էի կուլ տալիս, մեջս մի տեսակ գերբնական ուժ էր առաջացել, այնպիսի մի համարձակություն ու սառնասրտություն, որ բառերով դժվար է նկարագրել:
Նահանջել եմ՝ հենապատի վրայից դիմացի ձորը գլորվելով: Ոտքով, անզեն, արնաքամ լինելով, անցել եմ մոտ 1-2 կիլոմետր: Հանդիպել եմ երկրորդ գծում գտնվող մեր զինվորներից երկուսին: Գիտակցությունս աստիճանաբար մթագնում էր: Հիշում եմ, որ զինվորական մեքենաները եկան ու դիրքեր էին բարձրանում, ինձ տեղավորեցին շտապօգնության մեքենայի մեջ ու տարան գնդի սանմաս, այնտեղ զգացի, որ վզիս արյունոտված խաչը հանում էին…
Ու էլ ոչինչ չեմ հիշում, միայն ութերոդ օրն եմ աչքերս բացել: Թե ինչպես եմ նահանջել՝ փրկվելով մահվան ճիրաններից, հիմա էլ չեմ հավատում: Մենք կռիվը սկսել ենք 9 հոգով՝ տալով 4 զոհ, 2 ծանր վիրավոր: Մեր երեք ընկերները հրամատարի հրահանգով նահանջել են, որոնցից երկուսն արդեն հաղթահարել են հոգեբանական սթրեսը եւ վերադարձել զորամաս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Հրայր Բաղդասարյանը:
Հրայրը ծնվել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Գնունի եւ Սեդա Բաղդասարյանների ընտանիքում: Նրա ավագ եղբայրները՝ Հրաչյան եւ Նորայրը եւս զինվորական ծառայությունն անցել են Արցախում՝ սահմանապահ դիրքերում: Հրայրը, ռազմադաշտի մղձավանջային պահերը վերապրելուց հետո անգամ պահպանել է հոգու կորովը: «Զոհված ընկերներս միշտ կենդանի կմնան իմ սրտում, իսկ ծառայակից ընկերներիս մոտ կուզեմ կրկին գնալ, տեսակցել նրանց, այցելել զոհված ընկերներիս շիրիմներին: Իսկ լիարժեք առողջանալուց հետո կփորձեմ հանրօգուտ աշխատանքով պիտանի լինել ընտանիքիս ու հայրենիքիս»,- ասաց նա:
Խոսրով Խլղաթյան