Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը համալրվում է նոր սարքավորումներով
Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը հունիսի 10-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնադարի երկրամասի հայկական համայնքի կողմից ձեռք բերված ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր:
Շնորհակալություն հայտնելով ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար` հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը փաստել է, որ տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների ուշադրության և հոգածության շնորհիվ բարելավվում է զինծառայողների բուժսպասարկման որակն ու արդյունավետությունը:
Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավարներին հունիսի 9-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղիները, նշվել է, որ զինված ուժերի զինծառայողներին հասցեագրված բարեգործությունը կրելու է շարունակական բնույթ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններն ամրապնդում են հայրենիքսփյուռք կապը և նոր լիցք են հաղորդում հայրենիքի պաշտպանների առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին: