Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական կարծիք կներկայացնեն ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիս 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կարծիքի համար և ելույթում անդրադարձել Վենետիկի հանձնաժողովի՝ ամբողջովին ընդունված օրենսգրքում իրացված առաջարկներից առավել առանցքայիններին, միևնույն ժամանակ ներկայացրել նաև չընդունված առաջարկների հիմնավորումները:
Իր խոսքի վերջում արդարադատության նախարարը խնդրել է Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։ «Այս առումով, խնդրում Ձեզ լիազորել զեկուցողներին հունիսի վերջին հրապարակել վերջնական ընդունված նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը։ Մինչ այդ, ակնկալում եմ, որ հնարավորություն կընձեռվի հանդիպելու զեկուցողներին՝ համապատասխան փոփոխությունները քննարկելու համար, հատկապես, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ դուռը փակ չէ, և առկա է որոշ այլ փոփոխություններ կատարելու հնարավորություն, իսկ այդ տեսանկյունից զեկուցողների ներդրումը շատ կարևոր է: Միևնույն ժամանակ, լիահույս եմ, որ հայաստանյան իշխանությունների ջանքերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի իր ընդունելիք որոշման մեջ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական կարծիքում ամրագրել է նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայներով, այն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ին: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրում են, որ հայաստանյան իշխանություններն ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում իրենց առաջարկություններն հաշվի առնելու շոշափելի ջանքեր են գործադրել և ապահովել են գործընթացում երկրի ներսի դերակատարների մասնակցության լայն ներառականություն: Հայաստանյան իշխանությունները Հանձնաժողովից խնդրել են նոր կարծիք տրամադրել մայիսի 25-ին ընդունված օրենսգրքի վերաբերյալ: Ուստի, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այս հաջորդող կարծիքում կգնահատեն օրենսգրքում իրացված վերջին փոփոխությունների և Նախնական կարծիքում ներկայացված առաջարկությունների համապատասխանությունը»:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության