Բունդեսթագի պատգամավորի՝ Հայաստանում ծնված մայրը դահլիճում հետևել է Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քննարկմանը
Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քննարկման ժամանակ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Մարտին Պաթզոլդը հայտարարեց, որ իր մայրը ծնվել է Հայաստանում և դահլիճում հետևում է քննարկմանը:
«Ես շատ շնորհակալ եմ, որ մենք այսօր այս դահլիճում անդրադառնում ենք Հայոց ցեղապսանության թեմային և դատապարտում ենք այն, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել նրան, որ մարդիկ շարունակեն իրենց կյանքը խաղաղ պայմաններում:
Իմ մայրը ծնվել է Հայաստանում և այսօր այցելուների թվում է, դահլիճում նստած հետևում է քննարկմանը: Շատ շնորհակալ եմ նրան, որ դեռ փոքր տարիքից ինձ հայերեն խոսել է սովորեցրել: Ես գերմանացի եմ, ով մեծացել է այն գիտակցմամբ, որ, ցեղասպանությունը
ճանաչելով, մենք չպետք է նպատակ ունենանք մատ թափ տալ որևէ մեկի վրա կամ մեղադրել ինչ-որ մեկին, այլ որպեսզի հասնենք հաշտեցման: Ես դրանում եմ տեսնում իմ պատասախանատվությունը»,- ասաց գերմանացի պատգամավորը:
Պաթզոլդը հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևով Գերմանիայի Բունդեսթասգը ցանկանցում է պարտավորեցնել երկրի կառավարությանն աջակցել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը:
«Երկու ժողովուրդների հաշտեցումը համատեղ խաղաղ ապագայի հնարավորությունն է: Հաշտեցմանը միտված էին Ցյուրիխի արձանագրությունները, սակայն այդ գործընթացը, ցավոք, ընդհատվել է: Անընդունելի է, որ այսօրվա Եվրոպայում սահմաններ են փակվում: Մեծ հաջողություն կլինի, եթե բացվեն սահմանները Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչից երկու կողմերն էլ կշահեն»,- եզրափակեց պատգամավորը:
Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: