«ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստից կախված կլինի ՀՀ նախագահի մասնակցության հարցը». Ստյոպա Սաֆարյան

«Կարևորը ոչ թե գագաթաժողովի մասնակցության մակարդակն է, այլ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների հեռանկարայնությունը, ճկունությունն ու դինամիկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի` Վարշավայում կայանալիք գագաթաժողովին ՀՀ մասնակցության ձևաչափին:

Նա նշեց, որ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը, սիրիական ճգնաժամը, Հարավային Կովկասում, Ուկրաինայում տիրող իրավիճակն ըստ էության բավականին առանցքային են դարձնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի ընթացքում ՆԱՏՕ-ի առաջիկա քաղաքականության վերաբերյալ որոշումներ պետք է ընդունվեն: Ըստ Ս. Սաֆարյանի՝ մի շարք խնդիրներ կան ծառացած ՆԱՏՕ-ի առջև, այդ թվում՝ չափազանց կարևոր խնդիրներ են մնում հակաօդային պաշտպանության համակարգերի, ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում ռազմական կոնտինգենտի ավելացման և մի շարք այլ հարցեր:

«ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ, թերևս, բավականին արդյունավետ համագործակցություն ունի, և արդեն իսկ հայտարարվել է, որ ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն բանակցում են նոր գործողությունների ծրագրի շուրջ, քանի որ նախկինի ժամկետը լրանում է, այն պետք է թարմացվի: Առանձնապես մեծ տեղաշարժեր ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում սպասել պետք չէ, բայց այդ հարաբերությունների խորացումը դինամիկ ընթացք ունի:

Հայաստանը նախագահի մակարդակո՞վ կմասնակցի, թե՞ ոչ, դժվար է ասել, համենայն դեպս, հիշենք, որ Ուելսում առիթն օգտագործվեց նախագահների հանդիպում կազմակերպելու համար, այժմ էլ կա նույն խնդիրը, սակայն իրավիճակ է փոխվել, և այնպես չէ, որ Հայաստանը պետք է համաձայնի մասնակցել յուրաքանչյուր անպտուղ հանդիպման, և, քանի որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցության հարցը մշտապես «վաճառվել» է, Հայաստանը կարիք չունի նման սակարկումների, կարիք չունի ղարաբաղյան թեմատիկայով հանդիպումների՝ այս շրջանակներում հատկապես, եթե դրա դիմաց բավարարվում են Ադրբեջանի շահերը:

Հիշենք, որ այստեղ բանաձևերի խնդիր է լինում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախագահի մակարդակով մասնակցություն կարելի է դիտարկել միայն, եթե վստահ լինենք, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի հակամարտությունների հարցում հարգում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- նման տեսակետ հայտնեց Սաֆարյանը:

Նրա համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստից է կախված լինելու նախագահի մասնակցության հարցը: «Իմաստ չունի մասնակցել մի միջոցառման, որի ընթացքում ՀՀ-ի համար զգայուն խնդիրներով անհրաժեշտ վերաբերմունք տեսանելի չի լինելու: Ինչ վերաբերում է Գործողությունների ծրագրին, ապա այն առանձին միջոցառում է, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի խորհրդի միջոցով, բանակցություններն ընթանում են, ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ իր հարաբերությունների որակից ու մակարդակից, Հայաստանը` նույնպես, դրանք խորանալու ու զարգանալու տեղ ունեն, և անհրաժեշտ է. որ դա տեղի ունենա:

Դրանք երբեք չպետք է խզվեն, ուստի կողմերը պետք է ինտենսիվ աշխատեն, և դա պետք է ՀՀ պաշտպանական համակարգին զգալի բարեփոխումներ տա, այս առումով դրա մասին է պետք մտածել` ավելի առարկայական ՆԱՏՕ-ի չափանիշները ներդնելու և բանակի ու պաշտպանական ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու համար, այլապես գագաթաժողովին մասնակցության մակարդակը կարևոր է, բայց ոչ առանցքային, քանի որ կարևորը ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների դինամիկան, ճկունությունն ու հեռանկարայնությունն է:

Նշենք, որ 2012 թ. Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այդ ժամանակ Հայաստանի նախագահը չէր մասնակցել գագաթաժողովին, ըստ որոշ տեղեկությունների՝ գագաթաժողովի հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձևակերպումների պատճառով։ Թեև միանշանակ չընկալվեց նաև 2014թ. Ուելսում կայացած գագաթաժողովի հռչակագրում ներառված անդրադարձը Հարավային Կովկասին. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդավայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդավայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այդ հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ խոչընդոտում է տարածաշրջանի բնակչության ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրաատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և հզոր քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս