Վարկերի արդյունավետությունը կարևոր է, սակայն դա ԿԲ-ի խնդիրը չէ
Այսօր ԱԺ նիստում ԿԲ 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է վարկերի արդյունավետությունը:
«Եթե պարտքերը արդյունավետ չեն և անընդհատ աճում են, դա ուղղակի թշնամություն ու վնասարարություն է սերունդներին»,- ասաց Ա.Մանուկյանը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ արդյունավետությունը ԿԲ խնդիրը չէ: Ըստ նրա` այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն և´ օրենքներով, և´ միջազգային փորձագետների գնահատականով: Նա համաձայնեց, որ կարևորը արդյունավետությունն է:
«Ես չեմ համարում, որ մենք ռիսկային գոտում ենք գտնվում և կունենանք պրոբլեմներ»,- ասաց Ա.Ջավադյանը` նկատելով, որ ինքն արտաքին պարտքի շեմի սահմանաչափին հասնելու ջատագովն է, քանի որ դա նշանակում է ակտիվություն, տնտեսական աճ, գնաճային իրավիճակի բարելավում, վարկերի վերադարձելիություն, ֆինանսական կայունություն. «Մենք երբևիցե չենք հասնում այդ ֆիքսված սահմանին»: