«Մենք պետք է կարողանանք մեր ռեսուրսները համատեղել և միշտ պատրաստ լինել լայնածավալ գործողություններին, որը, վաղ թե ուշ, Ադրբեջանն իրականացնելու է»
Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո մենք պետք է հստակ գիտակցենք, որ պարտավոր ենք առավելագույնս պատրաստվել պատերազմի՝թե՛ սահմանների վրա, թե՛ ներքին կյանքում: Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով 168.am-ի հետ զրույցում խոսելով Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին՝ նշեց, որ պետք է առավելագույնս պատրաստվենք, որ կարողանանք դիմակայել մի շարք տեսանելի և առայժմ անտեսանելի մարտահրավերների:
«Միայն այն, որ հակառակորդն այդ հանդիպման ժամանակ փորձել է բացատրել, համոզել, որ նախահարձակ եղել է Հայաստանը, մեկ անգամ ևս առիթ է հասկանալու՝ ինչ նենգ և բացարձակ վստահություն չներշնչող հարևանի հետ գործ ունենք: Չեմ կարծում, որ այդ հանդիպմանը ներկա գտնվողներից որևէ մեկի համար գաղտնիք էր, որ նախահարձակ է եղել Ադրբեջանը: Պետք է հասկանանք, որ մենք ունենք թշնամիներ` նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը, որի ծավալապաշտական նկրտումներին մենք պարտավոր ենք մեր ռեսուրսների մեկտեղումով դիմակայել, և վստահ եմ, որ կարող ենք հաջողության հասնել: Իսկ հնարավոր ժամանակավոր զինադադարը պետք է օգտագործել բանակը վերազինելու և մեր ներքին կյանքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու համար»,- նշեց մեր զրուցակիցը:
Խոսելով համանախագահ երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվելիք քայլերի վերաբերյալ արված հայտարարության մասին՝ Ռ. Հակոբյանը նկատեց, որ դա շատ «զգույշ» է ձևակերպված այդ հայտարարության մեջ. «Թե քայլեր ձեռնարկելն ի՞նչ արդյունք կտա, դժվար է ասել, և ժամանակը ցույց կտա, բայց նաև ճիշտ է ՀՀ նախագահի մոտեցումը, որ պետք է դա նախորդի հաջորդ հանդիպմանը, պետք է դա հստակ իրականացվի, որպեսզի հետագայում այդ հանդիպումը որոշակի իմաստ ունենա: Բայց եթե նույնիսկ հիմա ինչ-որ քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Ադրբեջանը խախտելու է որևէ պայմանավորվածություն, ինչ արել է մինչև այսօր: Իհարկե, հանդիպումները ողջունելի են, եթե դրանք նպաստում են որոշակիորեն զինադադարի ապահովմանը, բայց պետք է նկատի ունենալ, որ դա հարատև չի լինելու, պետք է նկատել, թե ինչ ծրագիր ունի Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին, և մենք պետք է կարողանանք մաքսիմում մեր ռեսուրսները համատեղել և միշտ պատրաստ լինել լայնածավալ գործողություններին, որը, վաղ թե ուշ, Ադրբեջանն իրականացնելու է»:
Հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ այդ հանդիպումը դրական էր հայկական կողմի համար, Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերում այն, որ մեր պայմաններից երկուսը դարձան խոսակցության թեմա, համաձայնության եկան, որ պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ, պետք է դիտել՝ որպես հաջողություն. «Այլ հարց է, որ դա առայժմ հայտարարության մակարդակով է: Այն, որ Սերժ Սարգսյանի առաջարկությունները դարձան խոսակցության թեմա, պետք է արձանագրեմ՝ որպես որոշակի հաջողություն, բայց որը ժամանակի ընթացքում պետք է պարզ լինի՝ միս ու արյուն կդառնա՞, թե՞ ոչ»:
Ռ. Հակոբյանը նաև կարծում է, որ մեր դիվանագիտության առաջնահերթություններից պետք է դառնա այն, որ Արցախը դառնա բանակցող կողմ, որովհետև ըստ նրա՝ այն պահից, երբ Արցախը դուրս եկավ բանակցային գործընթացից, Ադրբեջանը միջազգային կառույցներում այս հարցը մատուցեց ոչ թե՝ որպես Արցախի ինքնորոշման իրավունք, այլ որպես հողային պահանջ՝ Հայաստանի կողմից՝ Ադրբեջանին: «Մեր դիվանագիտության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը, ինքնորոշվողն Արցախն է, ի վերջո: Բայց դրա համար մենք դիվանագիտական լուրջ աշխատանքներ պետք է իրականացնենք»: