«Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել անկախ Արցախի հետ». Արթուր Մարտիրոսյան
Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ
– Պարոն Մարտիրոսյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 3 պահանջ է առաջադրել՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական գնահատականներ և երաշխիքներ, որ Ադրբեջանը նման սանձազերծությունների այլևս չի գնա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն սա մեկնաբանեց՝ որպես բանակցություններից հրաժարում։ Միջնորդների արձագանքը դեռևս չկա։ Ի՞նչ է կատարվում կուլիսներում, ինչո՞ւ են լռում ՄԽ համանախագահները։
– Գորտի մասին մի առակ կա. եթե նրան տեղադրենք եռացող ջրի մեջ, ապա նա դուրս կթռչի տարայից, սակայն, եթե նրան տեղադրենք հետզհետե տաքացող ջրի մեջ, կարելի է նրան եփել, նա բաց կթողնի եռման պահը։ Այս առակը տեղին է մեր իրավիճակում։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանները ճիշտ են, սակայն դրանք ավելի շուտ էր պետք առաջադրել։ Մենք հաճախ չենք նկատում, թե ինչպես մեր սեփական վարքն ու ընտրությունը նպաստում են հակառակորդի ավելի ագրեսիվ գործողություններին։ Մի՞թե պետք է սպասել սրացման և էսկալացիայի, որ պարտադրում է հակառակորդը, որպեսզի դեմարշի ենթարկենք իմիտացիոն բանակցային գործընթացը։
Նման կտրուկ դեմարշ հարկավոր էր իրականացնել այն ժամանակ, օրինակ, երբ Ալիևը հերոսացրեց Սաֆարովին։ Ինչի՞ մասին կարելի է խոսել Ալիևի հետ, ով ոտնահարում է բոլոր կանոններն ու արժեքները։ Գուցե այն ժամանակ կրկնահանցանք չլիներ։ Մենք չենք կարող հստակ իմանալ, թե ինչ է տեղի ունենում դիվանագիտական աշխատանքի կուլուարներում, քանի որ այդ գործունեությունը սիրում է լռություն, բայց մենք հաստատ գիտենք, որ միջնորդ երկրները, սեփական տարբեր շահերից ելնելով, աջակցում են ստատուս-քվոյին, ընդ որում՝ հատվածական սրացումը չի սպառնում նրանց շահերին, իսկ համամարդկային արժեքները և պատերազմ վարելու կանոնները պահպանելու մեր կոչերը չեն ստանում պատշաճ արձագանք, որովհետև միջազգային հարաբերություններում արժեքների մասին դիսկուրսը, ցավոք, մարգինալացված է։ Գերիշխում են շահերը և ուժի տարբեր ձևերը՝ «փափուկից»՝ մինչև ռազմական։
Այդ պատճառով հենց մեզ մոտ պետք է իրավիճակի նոր ընկալման, ազգային անվտանգության հարցերում կարմիր գծերը հստակ գիտակցելու և միջոցների ընտրության փոփոխություն տեղի ունենա։
Միջնորդները կսկսեն ակտիվանալ, կհիշեն հումանիտար արժեքների մասին միայն այն ժամանակ, երբ նրանց համար կորուստների շրջանակը շոշափելի կդառնա։ Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք խոսքից անցնենք գործի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ խաղալ սուլթանական ռեժիմի կողմից թելադրված դանդաղընթաց պատերազմի խաղը, որի ժամանակ շփման գծում կորուստներ ենք ունենում։ Դա անհրաժեշտ է փոխել և հակառակորդին պարտադրել սեփական խաղը, որը, մեծ հաշվով, պետք է բավարարի միջնորդներին` կրկին ելնելով նրանց սեփական տարբեր, երբեմն էլ՝ հակադիր շահերից, որոնք հատվում են մի կետում՝ նրանց պատերազմ պետք չէ։
– Եթե Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները, հայկական կողմն էլ կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, փակուղային այս իրավիճակից ելքը ո՞րն է։
– Մյուս կողմին բանակցությունների սեղանի մոտ բերելու միակ միջոցը համոզիչ ցուցադրությունն է, որ հակառակորդի կողմից կիրառվող բանակցությունների այլընտրանքը՝ հատվածական էսկալացիաներով դանդաղընթաց պատերազմը, սնանկ է և կհանգեցնի նշանակալի կորուստների նրա ու միջնորդների համար։ Ալիևի ռեժիմն անտարբեր է արյան հանդեպ, այն զգայուն է միայն նավթի կորստի նկատմամբ։ Անհրաժեշտ է նախահարձակ հարված և ոչ թե՝ հակառակորդի պայմաններով, ոչ՝ երբ կամ եթե նա գնա նոր էսկալացիայի, այլ՝ երբ մեր զինվորական ղեկավարությունը դա նպատակահարմար կհամարի։
– Այսինքն, Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ պարտադրելու համար հայկական կողմը պետք է թիրախավորի նավթահորերը։
– Խոցելու թիրախներն ընտրում են զինվորականները։ Այստեղ սկզբունքայինն այն է, որ ո՛չ ադրբեջանական կողմը, ո՛չ միջնորդ երկրները, ցավոք, չեն սկսի շարժվել դեպի նոր հրադադարի ուղղությամբ, քանի դեռ իրերի առկա դրության պատճառով իրենց շահերը չեն սկսել վնասվել։ Ինչո՞ւ պետք է նրանք ինչ-որ բան փոխեն, եթե դա նրանց շահերին չի դիպչել։ Միայն նրա համար, որ կան արժեքնե՞ր։ Մենք կարող ենք միամտաբար շարունակել մտածել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն արտաքին քաղաքականությունում առաջնորդվում են արժեքներով, սակայն այդ դեպքում մեզ համար կորուստներն անխուսափելի են։
– ՀՀ կառավարությունն այսօր քննարկելու է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը։ Դուք նշել էիք, որ ԼՂՀ ճանաչումը հավասարազոր է բանակցային գործընթացի խզման։ Սակայն ներկայիս իրողությունում, երբ բանակցային գործընթաց չկա, և միջազգային տարբեր հարթակներում էլ Արցախի ճանաչման կոչեր են հնչում, ըստ Ձեզ, արդյոք ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումն ազդակ չի՞ դառնա այդ գործընթացի լայն տարածման, և արդյոք ՀՀ-ի կողմից ԼՂՀ չճանաչումը չի՞ արգելակում մյուս երկրների կողմից ճանաչման գործընթացը։
– Ճանաչման հարցի հետ կապված՝ ես նշել եմ, որ ճիշտ չէ դա ինքնանպատակ դարձնել, այն միայն նպատակի հասնելու միջոց է։ Նմանապես սխալ է ճանաչումը կապել հակառակորդի գործողությունների հետ։ Տրամաբանորեն, այդպիսի կապը նշանակում է, որ ճանաչումը հնարավոր է՝ պայմանավորված հակառակ կողմի գործողություններով։ Բայց Արցախի Հանրապետությունը մենք պետք է ճանաչենք այն ժամանակ, երբ դրա համար կան համապատասխան նախադրյալներ։ Այսօր դրանք կան. մեծ է հավանականությունը, որ բանակցությունների վերսկսման համար լիովին օրինական պայմանները չեն իրականացվի, միջնորդները չեն կարող անել այնպես, որպեսզի ադրբեջանական կողմը կատարի իր պարտավորությունները, և այդ ժամանակ ճանաչումը պահանջված կլինի, ու ցանկացած նոր ձևաչափ կպահանջի բանակցային գործընթացում Արցախի ուղիղ մասնակցություն։ Ներկայիս ձևաչափը սպառել է իրեն։ Վերջիվերջո, կա Հյուսիսային Կիպրոսը, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, և դա չի խանգարում բանակցային գործընթացին։
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ի կողմից Արցախը ճանաչելուց՝ լինեն այլ պետություններ, որոնք ևս ճանաչեն ԼՂՀ-ն։ Դա ինչպե՞ս կազդի Ադրբեջանի տրամադրությունների վրա, որն արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հարցը քննարկման դնելը որակում է՝ որպես բանակցությունների խզում և ԵԱՀԿ ՄԽ մանդատի դադարեցում։
– Այդ հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել ԼՂՀ և ՀՀ արտգործնախարարություններին։ Ես վստահ չեմ, որ ձնահյուսի նման ճանաչման գործընթաց կսկսվի։ Առավել հավանական սցենարն այն է, որ Հայաստանին կհետևեն ևս մի քանի երկրներ։ Հիմնովին կփոխվի մի բան՝ բանակցությունները որոշ ժամանակով կդադարեն, իսկ ավելի ճշգրիտ՝ մինչ այն պահը, երբ Ադրբեջանը չի համոզվի, որ բանակցությունների ռազմական այլընտրանք չկա, իսկ բանակցային սեղանի շուրջ կարող է որոշակի շահեր բավարարել։ Այս տեսակետից կարգավիճակի ինչ-որ տարբերակների կամ դրա սահմանման միջոցների քննարկում չի լինի. Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել անկախ Արցախի հետ։ Երբ և ինչ պայմաններով դա տեղի կունենա, առանձին և մեծ խոսակցության թեմա է։ Այդ պատճառով միջնորդները պետք է կա՛մ միջոցներ ձեռնարկեն կրակի դադարեցման նոր ռեժիմ ստեղծելու համար, կա՛մ համակերպվեն նոր մեծ պատերազմի և սեփական շահերի կորուստների հետ։
– Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ նամակ է ներկայացրել՝ 1994 թ. հրադադարի եռակողմ պայմանագրից դուրս գալու մասին։ Որքանո՞վ է դա իրատեսական։
– Ես այդ մասին ոչինչ չգիտեմ, բայց եթե այդպես է, ապա դա քվազի-դիվանագիտություն է. ՄԱԿ-ն այդ համաձայնագրից դուրս գալու հարցին ոչ մի առնչություն չունի։ Դե ֆակտո Ադրբեջանն առաջին տարին չէ, որ խախտում է այդ համաձայնագիրը, իսկ այս տարվա ապրիլի 2-ին նա փաստացի դուրս է եկել դրանից։ Համանման ինչ-որ բան ակնհայտորեն արել էր հիտլերյան Գերմանիան 1930-ական թվականներին՝ Վերսալյան համակարգից դուրս գալու համար։ Այդ պատճառով միջնորդները, ինչպես ասացի, կա՛մ պետք է միջոցներ ձեռնարկեն հրադադարի ռեժիմը վերականգնելու համար, կա՛մ համակերպվեն նոր մեծ պատերազմի հնարավորության հետ։