«Դա զգացմունքային է». Հովհաննես Իգիթյանը՝ թուրքական ապրանքների մուտքն արգելելու մասին
«Պետությունը չի կարող մի երկրից մյուսը եկող ապրանքների վրա արգելք դնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ օրերս ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծել ապրանքներ, հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա: Նա իր առաջարկը հիմնավորում է Ադրբեջանին պատերազմի հրահրելու` Թուրքիայի գործելակերպով, ինչպես նաև՝ հայ հասարակությանը սննդի միջոցով և այլ ձևերով սպառնացող վտանգով: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ պատասխանել էր, որ այդ հարցն արդիական է դարձել հանրության շրջանում, կա վարչապետի հանձնարարականը, և Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ:
Հ. Իգիթյանը կարծում է՝ Հայաստանը չի կարող արգելք դնել Թուրքիայից Հայաստան եկող ապրանքների վրա, որովհետև դա դեմ է Հայաստանի պարտավորություններին, որը նա ստանձնել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ու այլ կառույցներին անդամակցելիս: «Այլ երկրներում, իհարկե, այդպիսի բաներ լինում են, օրինակ, Ուկրաինայում չեն գնում ռուսական ապրանքը, բայց դա անում է բնակչությունը:
Թուրքիան Իտալիայի կամ Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունն ընդունելուց հետո բոյկոտում է ֆրանսիական կամ իտալական ապրանքը, բայց պետությունը չի արգելում ֆրանսիական ապրանքը: Ամեն ինչը պետք է նայենք նպատակահարմարության կամ արդյունքի տեսանկյունից: Այսինքն՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում, սրանով մեր տնտեսությո՞ւնը կզարգանա, թե՞ ԼՂՀ-ի անվտանգությունը կավելանա, թե՞ Թուրքիայի հանդեպ միջազգային մոտեցումները կփոխվեն: Ոչ, դա զգացմունքային է, և, եթե մեր բնակչությունը պատրաստ է այս ձևով միախմբվել և բոյկոտել թուրքական ապրանքը, դա նորմալ է, բայց պետությունը չի կարող արգելք դնել»,- նշեց Հ. Իգիթյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: