Մասրիկ գետը մոտեցել է վտանգավոր ելքի սահմաններին
Սեւանա լիճ թափվող ամենաջրառատ գետերից մեկը՝ Մասրիկը, մայիսի 2-ից արդեն մոտեցել է վտանգավոր ելքի սահմաններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Մասրիկ գետի վտանգավոր ելքի սահման է համարվում 14,2 խորանարդ մետր վայրկյան ջրի հոսքը, որը 2016 թվականի մայիսի 2-ին կազմել է վայրկյանում 13, 8 խմ: Նույն օրվա առավոտյան Մասրիկ գետի հոսքը նույնիսկ գերազանցել է վտանգավոր ելքի սահմանները՝ կազմելով վայրկյանում 14,9 խմ, այդուհետ նվազել ցերեկը եւ երեկոյան ժամերին:
Այդուհանդերձ, Մասրիկին մերձակա վարելահողերը կամ բնակավայրերը, ինչպես հավաստեց Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը, չեն տուժել ջրի ելքի ավելացումից: «Վերջին մի քանի օրում Մասրիկ գետը վարարել է, սակայն դուրս չի եկել ափերից, որեւէ վնաս չի պատճառել տնտեսություններին, փրկարարների օգնության կարիք չի զգացվել»,- նշեց Արմեն Ասատրյանը:
Գավառի «Օրհուս» կենտրոնից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ այս շաբաթվա առաջին երեք օրերին շարունակվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացումը՝ 2016 թվականի մայիսի 3-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա, որը 13 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ օրական մուտք է լինում 1 միլիոն 175 հազար խմ ջուր: Սեւան թափվող բոլոր գետերում ու գետակներում եւս դիտվել է ջրի ելքերի ավելացում:
Խոսրով Խլղաթյան