Պուտինը ցանկանում է խախտել եվրոպական միասնականությունը. Օբամա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խախտել եվրոպական միասնականությունը, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Պուտինը «ընդհանուր առմամբ դիտարկում է ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը և տրանսատլանտյան միասնականությունը՝ որպես սպառնալիք ռուսական իշխանությանը», հայտարարել է Օբաման ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Օբամայի խոսքով՝ միգրացիոն ճգնաժամը խնդիր է ոչ միայն Եվրամիության համար, այլև ԱՄՆ-ի, սակայն ռազմավարական առումով առավել մեծ վտանգ են ներկայացնում Եվրոպայում ամրապնդվող «ուլտրաաջ ազգայնականությունը, որը սպառնում է եվրոպական միասնականությանը, իսկ որոշ դեպքերում շահագործվում է այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին պարոն Պուտինն է»:
Նրա կարծիքով՝ Պուտինը սխալ է անում: Բացատրելով իր դիրքորոշումը ռուս գործընկերոջը՝ Օբաման նշել է, որ «իրականում ուժեղ ու միասնական Եվրոպան, որը կգործի ուժեղ, արտաքին աշխարհին միտված Ռուսաստանի հետ, ճիշտ դեղատոմս է», սակայն մինչ օրս Պուտինը «ամբողջությամբ չի համոզվել»:
Ավելի վաղ, ելույթ ունենալով Հաննովերում՝ եվրոպացի առաջնորդների առաջ, Օբաման հայտարարել էր, թե Արևմուտքի երկրները պետք է հետագայում ևս պահպանեն Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը, քանի դեռ Մոսկվան չի իրականացրել մինսկյան համաձայնագրերը: