Հայաստանը կշարունակի անդամակցել ԵԱՏՄ-ին և դուրս գալու հեռանկարներ չի տեսնում. Նաղդալյան

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու շարունակելու է անդամակցությունն այդ կառույցին: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու մասին կոչերին ու խոսակցություններին: «Մենք նման հեռանկար չենք տեսնում, և գտնում ենք, որ նման մտածողությունը շատ կարճամիտ ու ոչ հիմնավոր է: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, կարծում եմ, այնքան էլ տեղին չեն: Մենք հասկանում ենք, թե ինչի համար են նման մոտեցումներ առաջ եկել, սակայն պետք է ասեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կառույց է, որն ունի տնտեսական նպատակներ ու ունի փոքր կենսագրություն՝ վերջնականապես կայացած լինելու համար»,- ասել է  Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ բնական է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները ունեն տարբեր մոտեցումներ մի շարք հարցերի վերաբերյալ, ունեն տարբեր շահեր։ «Ցանկանում եմ ձեզ հիշեցնել նաև Եվրոպական Միության կենսագրությունը: Կարծում եմ, որ տեղյակ եք, որ այդ միությունը մի քանի տասնամյակ ընթանում էր ներքին շահերի բախումների միջավայրում: Սա զարմանալի չէ, որովհետև տարբեր պետություններ են, տարբեր ազգեր ու շահեր: Ժամանակ է պետք միասնական մոտեցումներ ու շահեր ձևավորելու համար»,- ընդգծեց նա:

Նաղդալյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում և ապագայում էլ շարունակելու է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Տեսանյութեր

Լրահոս