«Իրավիճակը դեռ կարելի է շտկել, բայց դրա համար Երևանում ու Ստեփանակերտում պատասխանատուները պետք է համապատասխան որոշում ընդունեն»
168.am-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը
– Պարոն Մելիքյան, Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի կողմից այս օրերին դրսևորվող վարքագիծը հայ–ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական սահմանագծերում արդյոք միայն Զատիկի ու Նովրուզ Բայրամի տոներո՞վ է պայմանավորված, թե՞ նաև մարտի 31-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովից առաջ ինչ–որ մեսիջներ են:
– Հայ-ադրբեջանական սահմանում և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև առկա բաժանարար գծի երկայնքով տարբեր զինատեսակների կիրառմամբ մարտական միջադեպեր հրահրելու միջոցով իրավիճակը թեժ պահելու մարտավարությունը պաշտոնական Բաքվի ընդհանուր քաղաքական գծի կարևորագույն բաղադրատարրն է: Ադրբեջանը ցանկացած մեծ ու փոքր առիթն օգտագործելու է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերին ու քաղաքացիական բնակչությանը ցավալի կորուստներ պատճառելու համար: Այս կերպ ալիևյան վարչախումբը ձգտում է նաև հավելյալ հոգեբանական ճնշում գործադրել ինչպես՝ հայկական կողմերի, այնպես էլ՝ համանախագահների վրա, և վերստին հիշեցնել բոլորին, որ ուր էլ որ լինի, նա զինված պայքար է մղում հենց Հայաստանի՝ իր պնդումների համաձայն՝ Ադրբեջանի տարածքի մոտ քսան տոկոսը զավթած պետության դեմ:
Մենք պետք է լավ հասկանանք, որ պաշտոնական Բաքվի նմանօրինակ պահվածքը մեծապես պայմանավորված է հայկական կողմերի անհեռատես բանակցային մոտեցումների արդյունքը հանդիսացող մի շարք ցավալի սխալներով: Իրավիճակը դեռ կարելի է շտկել, բայց դրա համար Երևանում ու Ստեփանակերտում պատասխանատուները պետք է համապատասխան որոշում ընդունեն, նոր մոտեցումներ մշակեն և ունենան այդ մոտեցումները կյանքի կոչելու կամքն ու մասնագիտական կարողունակությունը:
– Նշեցիք՝ իրավիճակը դեռ կարելի է շտկել, բայց դրա համար Երևանում ու Ստեփանակերտում պատասխանատուները պետք է համապատասխան որոշում ընդունեն, կոնկրետ ի՞նչ որոշումների մասին է խոսքը:
– Պետք է կարգավորման համատեքստում նոր քաղաքական մոտեցումներ մշակվեն ու ներդրվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի չեզոքացնել ադրբեջանական շահերից բխող ներկայիս բանակցային օրակարգում պարունակվող սպառնալիքները: Իշխանական շրջանակներից դուրս որոշ մշակումներ արդեն իսկ գործնականում իրականացվել են:
– Ադրբեջանն իր վերջին գործողություններով ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին ականջալուր չի լինում, ի՞նչ եք կարծում, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի՞ կարող զսպել Ադրբեջանի այս գործելաոճը:
– Մինսկի խումբը՝ որպես մեկ միասնական մարմին, Ադրբեջանին զսպելու կարողունակություն չունի, սակայն ինչ-ինչ ծայրահեղ հանգամանքներում ՄԽ անդամ պետություններից որևէ մեկը կարող է անթաքույց կերպով աջակցել Հայաստանին կամ Ադրբեջանին: Ընդ որում, այդպիսի աջակցությունը հավանական կլինի այն դեպքում, եթե համաշխարհային ուժի կենտրոններից մեկը նպատակահարմար կգտնի քաջալերել պատերազմական գործողությունների վերսկսումն Արցախում: Իրադարձությունների նման զարգացումը նաև կնշանակի, որ ՄԽ ձևաչափն այլևս սպառել է իրեն: Ես չեմ գտնում, որ առաջիկա ամիսներին պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ մեծ է՝ քաղաքական, դիվանագիտական հետևողական քայլերի միջոցով դեռ կարելի է իրավիճակը շտկել և վերացնել, կամ գոնե վանել պատերազմի վերսկսման վտանգը:
– Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և, եթե ԼՂՀ շփման գծում ակտիվության դեպքում ասվում է, թե ՀԱՊԿ–ն որևէ հայտարարությամբ չի կարող հանդես գալ, ապա Տավուշի մարզն արդեն ՀՀ սահմանն է, ու նորից ՀԱՊԿ-ն լռում է: Ձեր կարծիքով՝ դա ինչո՞վ է պայմանավորված:
– Ես ավելի քան վստահ եմ, որ, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ համատեղ ուժերով ադրբեջանական ագրեսիան կանխելու պահանջով, ապա, գոնե քաղաքական մակարդակում որոշակի աջակցություն կստանա: Միաժամանակ նաև համոզված եմ, որ ՀԱՊԿ-ից գործնական ու արդյունավետ աջակցություն ստանալու համար ՀՀ գործող իշխանություններն ադրբեջանական ագրեսիային համատեղ հակազդելու համար պետք է կարողանան նաև այդ կազմակերպության անդամ պետություններին առաջարկել քաղաքական, դիվանագիտական ու ռազմական գործողությունների խելամիտ ծրագիր: Չեմ լսել, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին երբևէ պաշտոնապես նման ծրագիր ներկայացված լինի:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում, չունի՞ այդ աջակցության կարիքը:
– Թե կոնկրետ ինչու ՀՀ պատասխանատուները պաշտոնապես չեն դիմում ՀԱՊԿ-ին, պետք է հենց այդ պատասխանատուներին հարցնել: