Փաստաբանը՝ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման համար տուգանքների մասին
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս բոլոր վարորդներին հորդորել էր տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել: Հակառակ դեպքում՝ վարորդները կտուգանվեն:
Որպես հիմք՝ ՀՀ ոստիկանությունը վկայակոչում է ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշումը՝ նշելով, որ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:
Որոշ փաստաբաններ, սակայն, գտնում են, որ կառավարության այդ որոշումը ոչ թե կարգավորում է տրանսպորտային միջոցների շահագործման կարգը, այլ ստանդարտներ է սահմանում ապակիների արտադրության համար: «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրում աշխատող փաստաբան Դավիթ Ասատրյանն այս առնչությամբ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդպիսի խնդիրները ևս վարորդներն իրենց ներկայացնում են.
«Ավելի շատ մտահոգվում են, քան այդպիսի խնդիրներ արդեն ծագել են, քանի որ վարչական մարմինն այստեղ շատ լուրջ վարչարարության խնդիր ունի: Վարչարարություն իրականացնելու համար, ինչպես գիտեք, անհրաժեշտ են ապացույցներ: Ապացույցների համար անհրաժեշտ են համապատասխան սարքեր»,- ասաց նա՝ նշելով, որ այս ոլորտում շատ խնդիրներ կան.
«Մի խոսքով՝ այնքան խնդիր կա այս ոլորտում, որ վարչական մարմինների կողմից իրականացումը և իրացումն ուղղակի կրում է, այսպես կոչված, վախեցնող բնույթ, որպեսզի անձինք չիրականացնեն, քան պատասխանատվության ենթարկող բնույթ: Մենք դեռևս վարորդների կողմից ավելի շատ մտահոգիչ ազդակներ ենք ստացել, քան այդպիսի տուգանքներ կան: Իսկապես ճիշտ եք նշում՝ կառավարության որոշման հետ կապված՝ խնդիր կա:
Ինչպես գիտեք, Սահմանադրությունը սահմանում է՝ օրենքի, և ոչ թե՝ կառավարության որոշման պարտադիրությունը: Օրենքը կարող է անձին պարտավորեցնել որոշակի վարքագծի ցուցաբերում, և ոչ թե՝ կառավարության որոշումը: Կառավարության որոշումը կարող է ուղղակի կարգ սահմանել: Այս ոլորտում խնդիրները բազմաթիվ են: Խնդիրը ոչ միայն կառավարության որոշման մեջ է, այլև ողջ վարչարարության իրականացման: Ամբողջ խնդիրը կապված է վարչարարության գլխավոր սկզբունքների իրացման հետ»:
Նշենք, որ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար պատասխանատվություն նախատեսում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը. նման խախտումների համար օրենսգիրքը նախատեսում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ: