«Մարդն իրավունք ունի իր աշխատանքի գոնե որոշակի վաստակը ստանալու». Լյուդմիլա Սարգսյանը՝ կենսաթոշակային փոփոխությունների մասին
Հունվարի 23-ին ուժի մեջ մտան կենսաթոշակային փոփոխությունները, որով 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: 168.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ սա դրական փոփոխություն է:
«Մարդը, ի վերջո, ծառայել է, աշխատել է այս երկրի համար, նա իրավունք ունի աշխատանքի գոնե որոշակի վաստակը ստանալու: Չնայած ես կարծում եմ, որ դա շատ քիչ է այն ամենի համար, ինչ յուրաքանչյուր քաղաքացի տալիս է իր հայրենիքին, իր երկրի զարգացմանը, և, բնականաբար, կարելի էր ակնկալել ավելին, հատկապես նման ծանր սոցիալական վիճակում մարդիկ, իրոք, արժանապատիվ ապրելու իրավունք ունեն»,- ասաց Լ.Սարգսյանը:
Անդրադառնալով այն խնդրին, որ շատ աշխատողների չի հաջողվում հասնել նրան, որ գործատուն գրանցի իրենց, պատգամավորը նշեց, որ աշխատող մարդն իրոք պետք է իրավունք ունենա, որ ստաժը գրանցվի. «Իհարկե, դա նաև աշխատողի վերաբերմունքով է պայմանավորված, բայց հասկանում եմ նաև, որ գործատուն է, ըստ էության, ամեն ինչ որոշում, և աշխատանքը պահպանելու համար շատ դեպքերում մարդիկ շատ բաների են համաձայնում: Դա պետք է վերահսկի և կարգավորի պետությունը: Ես կարծում եմ՝ դրա հնարավորությունը կա, պետք է փորձեն կարգավորել, որովհետև արդար չէ այն մարդու համար, ով ամբողջ կյանքում աշխատել է, բայց, ըստ էության, դա գրանցված չէ»:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի մեջ այսուհետ չեն հաշվարկվելու հետևյալ ժամկետները.
1. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը,
2. ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` 10 տարուց ոչ ավելի,
3. ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` 6 տարուց ոչ ավելի.
4. ՀՀ կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` 8 տարուց ոչ ավելի,
5. օտարերկրյա պետությունում գործող` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` 5 տարուց ոչ ավելի,
6. ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` 6 տարուց ոչ ավելի,
7. բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները` եռակի չափով` սկսած 14 տարեկանից: