Քյանդրբազը և Օմբուդսմենը
Սար ու ձորի տարբերություն: Ջանքեր և աշխատասիրություն է պահանջվում քյանդրբազից՝ հանդիսատեսին զվարճացնելու և գումար վաստակելու ընտանիքի հոգսերի համար:
Իսկ Օմբուդսմենը, ոչինչ չանելով, ի շնորհիվ իր ճկուն, խորամանկ քաղաքականության և անվերահսկողության, կարողանում է տարիներ շարունակ ծնգլահան անել իրեն դիմողների բողոքների լուծումը և ստվերել կայուն մեծամասնության վստահությունը:
Շրջապատելով իրեն 18-25 տարեկան, բարետես ընտրյալ երիտասարդներով, որոնց ծնողների հզորության մասին կասկած չկա, արխային արհամարհում է ՀՀ օրենքները, քանի որ թիկունքից ապահովված է, և հոգս չէ, թե որոշ «Սատանի մայլի» բնակիչներ կարտահայտեն իրենց դժգոհությունը՝ բացառիկ անգործունեության և խաբեությանը տարվա զեկույցի վերաբերյալ:
Այժմ՝ չոր փաստեր.
2014թ. սեպտեմբերի 10-ին դիմեցի ՄԻՊ գրասենյակ՝ ներկայացնելով ծանրակշիռ փաստեր այն մասին, թե ինչպես են գրպանահատում պահակներին թիվ 67 Երևանի Չարենցի անվան դպրոցի տնօրենը, տեղակալը և հաշվապահը, և ինչպես է մեկ տարի շարունակ Աշխատանքի տեսչությունը խուճուճ և անհեթեթ պատասխանում ինձ՝ փորձելով ազատվել իմ ուղիղ տրված հարցերից:
Ի դեպ, այս կառույցը նույնպես չի վերահսկվում, մատնված է անտերության, և հետևաբար՝ ոչ մի դիմում չեն համարակալում մուտքի մատյանում:
ՄԻՊ-ը մեկ ամիս առանց մուտքագրելու դիմումն ի վերջո որոշում է ընդունել վարույթ:
Անցնում է մեկ ու կես ամիս, որից հետո ողջ նյութերն ուղարկվում են կրկին Աշխատանքի տեսչություն, որի անգործունեության մասին դիմել եմ ՄԻՊ-ին: Համաձայն ՀՀ ՄԻՊ մասին թիվ 1080 օրենքի՝ ընդունված 2003թ., բացառվում է ուղարկել դիմումն այն մարմնին, որի գործողությունները բողոքարկվում են:
Նույն օրենքի 11 հոդվածի 4 մաս, 6 ենթակետ: Այսպիսով ևս երկու ամիս ստեղծվեց պատրվակ՝ դիմումը լռեցնելու նպատակով:
Ըմբռնելով կատարված անգործունեության դիտավորությունը, 2014թ. դեկտեմբերին խնդրեցի հանդիպում պ-ն Անդրեասյանի հետ՝ պարզելու, թե 100 օրվա ընթացքում ոչ մի պատասխան չկա, և մի՞թե այդքան դժվար է համեմատել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 184-185 հոդ-ի պահանջներն իմ կողմից ներկայացված աշխատանքային թերթիկների հետ և ի հայտ բերել ակնհայտ աշխատավարձի գրպանահատումը:
Հանդիպման ժամանակ անհասկանալի արագությամբ իմ կողմից ներկայացված նյութերը փոխանցվեցին Ռուզաննա Ղազարյանից, որը մատնել էր անգործունեության, Տաթևիկ Խաչատրյանին, այսինքն՝ այդպես էլ չպարզվեց Ռ. Ղազարյանի կողմից դիմումի լուծման տապալման պատճառը:
Այս հանդիպման պահին պարզվեց, որ Տ. Խաչատրյանը չի ընկալում, որ գիշերային աշխատանքի համար վճարվում է 30%-ի չափով հավելում, ոչ թե հանելում, ինչպես վճարում է գրպանահատ հաշվապահը: Այդ պատճառով Օմբուդսմեն պետը երկու անգամ դիմեց Տ. Խաչատրյանին՝ «միացնել տրամաբանությունը»՝ հուշելով, որ գիշերային աշխատանքը վճարվում է ավելի բարձր, սակայն առ այսօր Տ. Խաչատրյանի տրամաբանությունը դեռ չի միացել:
Ի վերջո, 2014թ. դեկտեմբերի 17-ին Օմբուդսմենն ինձ խոսք տվեց մեկ շաբաթում հստակ պատասխանել: Բայց սուտ:
Անցան լուռ ու մունջ ամիսներ, ընթացքում հանդիպելով այդ կառույց՝ պարզվեց, որ գործը փոխանցվել է Վահան Միքայելյանին:
Մոտ երկու ամիս գնալ-գալով՝ փորձում էի բացատրել այդ ճկուն երիտասարդին, թե որտեղ է կատարվել խախտումը:
Ի վերջո, Վ. Միքայելյանն ինձ ցույց տվեց քաղաքապետարանից ստացած թիվ 3 հավելված կոչվող պաշտոնական հաստիքների դրույքաչափի ցուցակը, որտեղ ճիշտ իմ պնդմամբ նշված է 75 000 դրամ աշխատավարձը, և ոչ թե՝ խաբեբայությամբ ինչ-որ ժամավճարներ:
Իմ հարցին, թե կարելի՞ է այժմ ներկայացնել այդ փաստը համապատասխան մարմիններ և ավարտել՝ պարտավորեցնելով վճարելու գրպանված գումարները, վերջինս պատասխանեց, որ պետք է համաձայնեցնի պետի հետ:
Այսինքն՝ պ-ն Անդրեասյանն իրեն վերապահում է օրենսգրքի հոդվածներին ռեգուլիրովկա տալը, կուզի՝ հոդվածը կգործի, չի ուզի՝ չի գործի:
2014թ. ընթացքում ոչ մի գրավոր կամ բանավոր պատասխան չստանալով՝ դիմեցի մամուլին, որտեղ հրապարակեցին ամբողջ էությունը:
«Հրապարակ» թերթ, 2014թ., թիվ 63. «Կողոպուտ մանկավարժապետականորեն»
«Ժողովուրդ» թերթ, 2015թ., թիվ 104. «Քաղաքացուն խաբել են»
Վերջապես, խուսափելով հետագա խայտառակությունից՝ ՄԻՊ-ը մի գրություն ուղարկեց Քաղաքապետարան՝ թիվ 01/12 15/2821-15.01.06.2015թ., որի բովանդակությունում ամեն ինչ կար, բացի Աբու-Հասանի մաշիկների պատմությունից, և, իհարկե, բուն աշխատավարձի գրպանահատման պատճառից, իսկ վերջում լացակումած խնդրանք՝ վերահաշվարկելու և ինձ տարբերությունը վճարելու:
Քաղաքապետարանը թիվ 01/7-28875 04.06.2015թ. գրությամբ ինչ-որ պատասխան է ուղարկել, որի մասին հինգ օրվա ընթացքում ՄԻՊ-ը պարտավոր էր տեղեկացնել ինձ, սակայն առ այսօր տիրում է կայուն մեռյալ լռություն:
Այսպիսով՝ խախտվում է ՄԻՊ-ի օրենքի 15 հոդ. 5 կետի 4-րդ ենթակետը:
Արդեն մեկ ու կես տարի է, որ ոչ մի պարզաբանում չկա այս հարցի վերաբերյալ, որը լուծելի է նույնիսկ քարայծի մակարդակի IQ ունեցողին:
ՄԻՊ գրասենյակի անգործունեությունը բերում է նրան, որ դիմողները գնում են շարունակելու բողոքը՝ նախագահի նստավայր կամ այլ կառավարական շենքեր, սակայն բոլոր տեսակի բողոքները հնարավոր է և անհրաժեշտ է լուծել իրավաբանական հարթության վրա, և ոչ թե՝ դրդել ժողովրդին դիմել փողոցային շարժմանը:
Մեծարգո նախագահը զուր չի ասել, թե մեր խիյարը թարս է աճում:
Այս դիպուկ և թևավոր դարձած արտահայտությունը բնորոշում է մեր միջին խավի պաշտոնյաներին:
Շփվելով ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ՝ տպավորություն է ստեղծվում, որ պետից սկսած և ոչ ոք չի ընթերցել ՄԻՊ-ի մասին ՀՀ Օրենքը, իսկ ղեկավարը՝ երդման բովանդակությունը նույնպես:
Այսինքն՝ պարզվում է, որ այս տնտեսությունում զուրկ են ինչպես՝ օրենքների կիրառումից, այնպես էլ՝ բարոյական օրենքների գաղափարներից:
Ելնելով վերոգրյալից, կարող է տպավորություն ստեղծվել, որ այս նյութի հեղինակն իրեն գիտունիկի տեղ է դրել, իսկ նշված հիմնարկն անգրագետների ակումբ է:
Ոչ և ոչ, այս ամենն արվում է դիտավորությամբ:
Առաջին իսկ պահից դիմումը չի գրանցվում մուտքի համարով: Մինչ դիմումին լուծում տալը մտնում են բանակցության մեջ օրինախախտ հիմնարկի ղեկավարի հետ և համաձայնության գալով՝ որոշում են թաղել դիմումը արդեն իսկ իմ կողմից նկարագրված սխեմայով:
Սա դասական կոռուպցիա է, և այդ ՄԻՊ-ն արդեն իսկ սեփականաշնորհված է:
Դժվար թե հայտնաբերվի մեկը, որի դիմումը հասցվել է ավարտին:
Այժմ ներկայացնելով հրաժարականի դիմումը, փախուստի դիմելով՝ ՄԻՊ-ը, միևնույն է, սերմանել է իր ջահել աշխատակազմի մեջ բացառիկ անտարբերություն և անաշխատունակություն:
Վատ չէր լինի, եթե պատկան մարմինները լուրջ ուշադրություն դարձնեին աշխատակազմի որակավորման վրա, քանզի այս տեղապտույտ գործող հիմնարկը նստած է բյուջեի վրա և լավ էլ ծախսատար է:
Նույն խայտառակ վիճակը տիրում է Քաղաքապետարանում:
Դիմելով ընդամենը մեկ հարցով՝ պահակի աշխատավարձի վերաբերյալ, ստացել եմ կեղծ թվային պատասխան այլ վարչության պետի ստորագրությամբ (ոչ ֆինանսական):
Նույնը, դիմելով Աշխատանքի նախարարություն և ներկայացնելով կոպիտ խախտումներով փաստարկներ, ստացել եմ վարչության պետի կողմից անկապ, անօրեն զարմանալի պատասխան:
Այսինքն՝ երկու տարվա ընթացքում դիմելով այս հիմնարկներին՝ հնարավոր չեղավ պարզել պահակի ստույգ դրույքաչափը:
Ահա և վերջ կանաչ խիյարի պատմությանը, որը, բնականաբար, թարս է աճում, սակայն հետագայում ունենալու է բումերանգի հատկություն:
Նշված գրպանահատումը մեկ անձի նկատմամբ չէ, այլ համատարած է Երևանի բոլոր ՊՈԱԿ հիմնարկներում ու դրդվում, ղեկավարվում է վարչության պետերի մակարդակով:
Տարիներ շարունակ Հարգարժան Վարչապետը բարձրացնում էր նվազագույն աշխատավարձերը, իսկ նշված պաշտոնյաները՝ յուրացնում: Այդ կողոպտիչները վերահսկում են Քաղաքապետարանի և նույնիսկ Կառավարության քարտուղարությունը: Թույլ չեն տալիս, որ բողոքը հասնի առաջին ղեկավար դեմքերին, որոնք, ափսոս, թերթ չեն կարդում, հետևաբար՝ մնում են երանության մեջ, որ երկրում ամեն ինչ թմբլիկ է և պուպուշիկ:
Ալբերտ Գևորգյան