Բաժիններ՝

Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը՝ հունվարի 6-ին

ter-hambardzum.net կայքը գրում է. «Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է։ Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Աստված ընտրել էր ամենախոնարհ և ամենահեզ, ամենաառաքինի և Տիրոջը ամենահավատարիմ կնոջը, և Սուրբ Կույսի այս հարցը ոչ թե թերահավատությունից էր, այլ ճշմարտությունն իմանալու համար էր: Եվ հրեշտակի բացատրությունը լսելուց հետո Սուրբ Մաիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկ. 1.30-38): Այսօր, ցավոք, կան մարդիկ, ովքեր այս հարցը տալիս են առաջին հերթին թերահավատությամբ և երբեմն էլ ծաղրանքով. «Ինչպե՞ս կարող է կույսը որդի ունենալ»: Աստված միշտ նախապատրաստել է մարդկանց այսպիսի մեծ իրադարձությունների և հրաշքների, որպեսզի երբ դրանք տեղի ունենան, մարդիկ չընկնեն գայթակղության մեջ: Շատ դեպքեր, որոնք կատարվել են Հին Կտակարանում, նախօրինակը և ստվերն էին այն մեծ իրադարձությունների, որոնք կատարվելու էին Նոր Կտակարանում: Աշխարհի արարման ժամանակ առանց սերմի և առանց աշխատանքի, միայն Աստծո խոսքով երկիրը բույսեր աճեցրեց և պտղաբերեց (Ծննդ. 1.11): Ճիշտ նույն կերպ էլ այս դեպքում առանց մարդկային սերմի, միայն Աստծո զորությամբ կույսը հղիացավ և որդի ծնեց:

Քրիստոս ծնվեց Բեթղեհեմում: Ավետարանում այս մասին գրված է, որ երբ Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ հասան, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց Նրան ու դրեց մսուրի մեջ (Ղուկ. 2.7): Այն փաստից, որ ծննդաբերության ժամանակ որևէ կողմնակի անձի ներկայություն չի հիշատակվում և նշվում է, որ Աստվածամայրն ինքը մանկանը խանձարուրի մեջ փաթաթեց, Եկեղեցու Հայրերը հետևյալ եզրակացությունն են արել: Աստվածամայրը միայնակ ծնեց իր Որդուն առանց կողմնակի օգնության, և այդ ծննդաբերությունը Սուրբ Կույսի համար չէր ուղեկցվում ծննդաբերող կանանց հատուկ ցավերով: Քրիստոս ծնվեց մսուրի մեջ` քարայրում: Այդ քարայրի վրա հետագայում Հեղինե թագուհին Աստվածածնի պատվին տաճար կառուցեց:

Որոշ Եկեղեցիներում Քրիստոսի Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Այս տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում:

Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբե-րի 25: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:
Աստվածահայտնություն ասելով` հիշատակում ենք Փրկչի մկրտությունը: Աստվածահայտնությունն այն է, որ Քրիստոսի մկրտության ժամանակ հայտնվեցին աստվածային երեք Անձերը` Սուրբ Հոգին` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22), Հայրը` ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22):
Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:

Կարդացեք նաև

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)
ter-hambardzum.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս