Կանխվել է փոստային ծանրոցի միջոցով թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը

Փոստային առաքանիների ուղին՝ մաքսանենգության թիրախ. պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ մաքսանենգները հենց այս ճանապարհով են փորձում թմրանյութ տեղափոխել: Միայն անցած տարի Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները փոստային առաքումների միջոցով թմրանյութի ապօրինի ներմուծման և արտահանման առանձնակի խոշոր չափի խմբաքանակներ են բացահայտել, մասնավորապես շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանումը Կանադա: Վարչությունը շարունակելով հետևողական վերահսկողությունը` օրերս փոստային ծանրոցների միջոցով թմրամիջոցի ապօրինի տեղափոխման հերթական խոշոր փորձն է կանխել: Այսպես, ունենալով կասկածներ Իրանի քաղաքացու կողմից Կանադա արտահանվող ծանրոցների պարունակության վերաբերյալ` նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննող սարքերի և Ֆինանսների նախարարության կինոլոգիական ծառայության շների միջոցով բեռը ենթարկել են մանրակրկիտ զննման:

Կասկածները հաստատվել են. ծանրոցներից հայտնաբերվել է մուգ շագանակագույն, սուր հոտով` ավելի քան 3կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: «Թանկարժեք» բեռը մաքսանենգը թաքցրել էր նախապես պատրաստված թաքստոցում` թմրամիջոցը ծանրոցներում առկա տարաների մեջ լցնելով հարմարեցված և խնամքով քողարկված հատուկ անցքերի միջոցով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նախաբացթողումային հսկողության վարչության կողմից Մեղրիի մաքսակետում նույնպես տարբեր դեպքերով թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր են կանխվել: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների` ավտոբուսի նստատեղում, պայուսակում, դրամապանակում, գրպանում թաքցրած փորձել են 5 դեպքով ափիոնանման և հաշիշանման զանգված ներկրել, ինչը, սակայն, կանխվել է:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս