Թուրքիայի ափերի մոտ խեղդված 3-ամյա փոքրիկի հայրը վերադարձել է Սիրիա՝ ընտանիքին հողին հանձնելու համար
Օրեր առաջ Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ նավակի աղետի հետևանքով մահացած 3-ամյա Այլան Քուրդիի հայրը՝ Աբդուլլահը, վերադարձել է Սիրիա՝ իր ընտանիքին հողին հանձնելու համար, հայտնում է AFP-ն:
Աբդուլլան, ում կինն ու երկու մանկահասակ որդիները խեղդվել էին ծովում, վերադարձել է հայրենի Քոբանի քաղաք, որպեսզի հուղարկավորի ընտանիքի անդամներին:
Ողբերգությունը մեծ արձագանք էր ստացել համացանցում Այլինի հրապարակված լուսանկարներից հետո, որոնցում նա անօգնական ընկած է լողափին:
The Guardian-ը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծովափին ընկած փոքրիկին մոտենում թուրք փրկարարը, սակայն տղան արդեն մահացած էր:
Հիշեցնենք, որ սիրիացի փախստականները փորձում էին անօրինական կերպով հասնել Հունաստանի Կոս կղզի: Խեղդվել էր 5 մանկահասակ երեխա, 7 մարդ փրկվել էր Թուրքիայի առափնյա ոստիկանության կողմից, 2 մարդ ինքնուրույն կարողացել էր հասնել ափ փրկարարական ժիլետներով: