Երևանի 28 փողոցներում կվերակառուցվի արտաքին լուսավորության ցանցը

Երևանի 28 փողոցներում կվերակառուցվի արտաքին լուսավորության ցանցը: Այս նպատակով ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիր, որի շրջանակներում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն դոլար գումարի չափով վարկ: Ծրագրի իրականացման համար Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը հատկացնում է 2 մլն դոլար, ՎԶԵԲ տեխնիկական աջակցության ֆոնդը՝ ևս 1 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ:

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց, որ վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ ժամկետ` 3 տարի, տոկոսադրույք` լողացող` 6-ամսյա դոլարի LIBOR գումարած 1% սպրեդ, պարտավճար` 0.5%` հաշվարկվում է չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 1%-ի չափով:

«Ծրագրի նպատակն է ունենալ անվտանգ լուսավորության ցանց: Մագիստրալ նշանակության 28 փոոցներ ամբողջապես պետք է վերակառուցվի՝ հենասյուները, ստորգետնյա մալուխային ցանցը և այլն: Լուրջ էներգախնայողություն կլինի, եռակի կրճատվելու է էլեկտրաէներգիայի ծախսը, նաև համակարգը դառնում է հուսալի, անվտանգ: Երկրորդ՝ զուտ քաղաքաշինության տեսանկյունից ավելի հարմարավետ է դառնում: Այսօրվա բեռնված հենսայուների համակարգը անհուսալի է»,- ասաց Կ.Արեյանը՝ նշելով, որ իրականացնողը «Երքաղլույս» ընկերությունն է, որը և ստորագրելու է վարկային պայմանագիրը:

Արեյանը նաև նկատեց, որ աբողջ քաղաքում այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 58 մլն դոլար է:

Տեսանյութեր

Լրահոս