Ռուսաստանն Ադրբեջանում ռազմական բազա չի կարող կառուցել. Մուբարիզ Ահմեդօղլու

«Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակն արդեն անկայուն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն` անդրադառնալով օրերս «Ստրատֆոր» ամերիկյան մասնավոր վերլուծական կենտրոնի տարածած հաշվետվությանն այն մասին, որ ՌԴ-Արևմուտք առճակատման լարվածությունը կտեղափոխվի Հարավային Կովկաս և ԼՂ հակամարտություն:

Մուբարիզ Ահմեդօղլուն ասաց, որ այդ անկայունությունն արդեն կա շուրջ երկու տարի և կշարունակվի, քանի դեռ չի կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Իսկ կարգավորման հեռանկարներն, ըստ նրա, աղոտ են, քանի որ բանակցություններն առաջ մղող միակ հարթակը` Մինսկի խումբն, ադրբեջանական տեսանկյունից արդյունավետ չի գործում, ավելին ձևափոխման կարիք ունի: Ադրբեջանցի փորձագետի կարծիքով` Մինսկի խումբը գործում է ի օգուտ Հայաստանի: « Իսկ Հայաստանին ձեռնտու է ՄԽ գործունեությունը, քանի որ ՄԽ-ն առանց շտապելու է գործում»,- նկատեց փորձագետը: Վերջինիս համոզմամբ` սա ևս սրում է իրավիճակը շփման գծում, թեև Ադրբեջանին այսօր պատերազմ Ղարաբաղում ձեռնտու չէ: «Ադրբեջանը կցանկանար խաղաղ համաձայնության գալ Հայաստանի հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, թե 2017 թվականին Ռուսաստանը կսկսի ռադիոտեղորոշիչ կայան կառուցել Ադրբեջանի տարածքում այն դեպքում, երբ նախկինում Ռուսաստանը վարձակալության պայմանով շահագործում էր Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտակայքում գտնվող «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը, Մուբարիզ Ահմեդօղլուն ասաց, որ այդ մասին հրապարակումները տեղեկատվական սադրանք է և այսօր նման բան լինել չի կարող:

«Բոլորին է հայտնի, որ «Զվեզդա»-ն ռուսական պրոպագանդիստական հեռուստաընկերություն է և արժանահավատ տեղեկություն գրեթե չի տրամադրում: Ներկայումս ադրբեջանառուսական հարաբերությունները լավ վիճակում են, կա դրական համագործակցություն: Եթե անհրաժեշտություն առաջանա համատեղ աշխատել Ռուսաստանի հետ որոշ մարտահրավերների դեմ, ապա Ադրբեջանը դեմ չի լինի ՌԼԿ-ի կառուցմանը, բայց այնպես, ինչպես ներկայացվում է` չի լինի: Իսկ ներկայացվում է այնպես, որ Ադրբեջանում ռուսական ռազմական բազա է կառուցվելու»,- ասաց փորձագետը` ասելով, որ Գաբալայի ՌԼԿ-ն ռուսական չէր, ակնարկելով, որ ՌԴ-ն առանց Ադրբեջանի հետ բանակցությունների չի կարող նման տեղեկություն դնել շրջանառության մեջ կամ որոշել ՌԼԿ կառուցել Ադրբեջանում:

Տեսանյութեր

Լրահոս