Սահմանադրության բարեփոխված տեքստին սպասելիս

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ներկայումս փորձագետների հետ քննարկում է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման արդյունքները:

Ամփոփվելու է Սահմանադրության նախագծի հիմնական մասը՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարության և դատական իշխանության ու Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխները (4-7 և 10-րդ):

Gagik XazinyanՍահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ քննարկվող գլուխների վերաբերյալ վերջնական արդյունքներն ուղարկվելու են Վենետիկի հանձնաժողով՝ միջանկյալ եզրակա-ցության համար:

«Ենթադրում եմ, որ մինչև ամսվա վերջ ամբողջ նախագիծը, գոնե առաջին տարբերակով, արդեն կլինի»,- ասաց Գ.Ղազինյանը՝ հավելելով, որ ըստ ժամանակացույցի` փաստաթուղթն ԱԺ պետք է ներկայացվի օգոստոսին:

Կարդացեք նաև

Director of Armenian Center for National and International Studies Manvel Sargsyan  and head of ANC Foreign Relations Committee Vladimir Karapetyan spoke about national security and foreign military bases at ACCEA

ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ փոփոխությունների մանրամասներն այս փուլում չեն հետաքրքրում ՀԱԿ-ին՝ հաշվի առնելով նախկինում արտահայտած սկզբունքային դիրքորոշումը. «Առաջիկայում, երբ ավելի կհստականա փոփոխության վերաբերյալ իշխանության դիրքորոշումը, մեզ մոտ էլ կհստականա մեր միջոցառումների ցանկը և գործունեությունը դրա դեմն առնելու»: Ըստ նրա, եթե գործը հասնի հանրաքվեին, ապա ՀԱԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի այն դրական արդյունք չտա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս հայտարարեց, որ այս փուլում իրենց դիրքորոշումն անփոփոխ է. «Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք, այդ առաջարկները չեն ընդունվել, ուստի բովանդակային քննարկումների մենք չենք մասնակցում, և մեր դիրքորոշումը չի փոփոխվել»:

Ըստ նրա, եթե քննարկումների արդյունքում միասնական ճակատ ձևավորվի ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, «Ժառանգությունը» կմիանա դրան: Այդ շարժման արդյունքը, կուսակցության փոխնախագահի կարծիքով, կլինի դրական այն առումով, որ մարդիկ կա՛մ չեն մասնակցի, կա՛մ դեմ կքվեարկեն հանրաքվեի ժամանակ. «Բայց հաշվի առնելով մեր ընտրական փորձը, բնականաբար, իշխանությունները կնկարեն շատ բարձր մասնակցություն և «կողմ»-երի մեծամասնություն: Եվ, ինչպես միշտ, հետքվեարկության պրոցես կսկսվի»:

Armen MartirosyanԱ.Մարտիրոսյանը նշեց, որ եթե վարչապետն ավելի լայն լիազորություն ունենա, քան ԱԺ նախագահը, դա նորմալ պառլամենտական կառավարման համակարգ կլինի.

«Հակառակ պարագայում ուղղակի կընթանա այն ուղղությամբ, ինչի մտավախությունը որ ունեցել ենք, որ սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարվող Սահմանադրություն է լինելու, ոչ թե ՀՀԿ-ի համար, այլ հենց Սերժ Սարգսյանի համար»:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական համակարգին անցում կատարելու վերաբերյալ ԲՀԿ-ն նույնպես չի փոխել իր դիրքորոշումը: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մնացյալ առավել բովանդակային քննարկումների վերաբերյալ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կետ առ կետ կհայտնի, երբ իրենց ձեռքին կլինի տեքստը. «Քանի դեռ տեքստ չկա, բովանդակության վերաբերյալ ես որևէ գնահատական տալ չեմ կարող: Եթե գնում է խորհրդարանական կառավարման մոդել, մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ խորհրդարանական մոդելը չկայացած կուսակցական համակարգի պայմաններում այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, հաշվի առնելով ներքին և արտաքին անվտանգությունը, իր մեջ ռիսկեր է պարունակում»:

Naira-ZohrabyanՆ.Զոհրաբյանը նկատեց, որ մասնագիտական հանձնաժողովի անդամներն իրենց հրապարակային ելույթներում Սահմանադրության փոփոխության իրենց մոտեցումներում երբեմն` խիստ տարբեր, տրամագծորեն իրարամերժ տեսակետներ են արտահայտում. «Ես չեմ ցանկանում ներքաշվել իրենց ենթադրությունների, իրենց տեսակետների, իրենց իրավագիտական, իրավաբանական մոտեցումների և բանավեճերի մեջ: Մենք՝ որպես քաղաքական ուժ, պետք է գործ ունենանք վերջնական տեքստի հետ»: Նա նշեց, որ որևէ ուժի նախաձեռնած մոբիլիզացիայի միանալու հարց չի քննարկվել. «Ես չեմ ցանկանում խոսել մի գործընթացի մասին, որի շուրջ նույն հանձնաժողովում չկա միակարծություն և միատեսակ դիրքորոշում: Մենք կողմ ենք 100% համամասնական ընտրակարգին, բայց կա տեղեկատվություն, որ լինելու է, օրինակ, ռեյտինգային սիստեմով: Այդպե՞ս է լինելու, թե՞ ոչ, բացարձակ անիմաստ է ենթադրությունների մակարդակով տալ գնահատականներ չեղած տեքստին»:

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում համաձայնեց ընդդիմադիր գործընկերոջ հետ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները տարբեր տեսակետներ են հնչեցնում, սակայն դա դրական համարեց. «Եթե կան տարբեր մարդիկ, նաև տարբեր մոտեցումներ կլինեն: Օրինակ՝ կառավարման ձևի հետ կապված՝ մասնագիտական խմբի մեջ մշտապես եղել են տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ են հայտնել: Կարծում եմ՝ դա էլ է բնական, որովհետև այնտեղ առողջ քննարկում է ծավալվում, և քարացած, կարծրատիպերի գործընթաց չի, և յուրաքանչյուրն իր գիտելիքների, իր պատկերացումների, ընկալումների շրջանակներում փորձում է քննարկում ծավալել, որի արդյունքում կլինի ավելի լավ փաստաթուղթ»:

RԸնդդեմ սահմանադրական փոփոխությունների քաղաքական ընդդիմադիր ուժերի մոբիլիզացիայի հնարավորությանը Հ.Սահակյանը հանգիստ է վերաբերվում. «Սահմանադրական բարեփոխումները ենթադրում է հանրաքվե: Հանրաքվեն ինքնին «այո»-ի և «ոչ»-ի է բաժանվում, այսինքն՝ 2 մաս կա` կողմնակիցներ և ոչ կողմնակիցներ, այսինքն՝ ովքեր ցանկանում են, որ մեր երկրում լինի բարեփոխումներ՝ իր բոլոր հետևանքներով, և քաղաքական ուժեր, մարդիկ, ովքեր չեն ցանկանում այդ բարեփոխումները: Հիմա մոբիլիզացիա կանեն, կհամարակալեն, կհերթագրեն թե այլ մեթոդներ կկիրառեն, դա էլ իրենց քարոզչության մի էլեմենտն է: Դրանից պետք չի ոգևորվել կամ աշխարհի վերջը սարքել: Կարևորը, որ կարողանան մոբիլիզացիա անել: Իրենց դեպքում դա շատ կարևոր է»,- նկատեց Հ.Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս