Պ. Մարտիրոսյան. «Չեմ տեսել, չեմ լսել նման եզրակացության մասին»
Հունիսի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների գործով դռնբաց դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 17-ից ընթացող դատական նիստը 2014թ. նոյեմբերի 7-ին հետաձգվել էր` մինչև կստացվեր լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը: 5 հոգանոց հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունգ, ըստ տրամաբանության, կոչված պիտի լիներ լուծելու նախորդ 2 եզրակացությունների իրարամերժության արդյունքում առաջացած դատական վեճը և այսպես՝ խմբի անդամներից 3-ի՝ անկախ փորձագետներ համարվող ՀՀ ԱՆ ԴԲԳԿ-ի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ, ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, 27 տարվա աշխատանքային փորձով Գ. Հարությունյանի (հանձնաժողովի նախագահ), ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ, ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռ. Ֆանարջյանի և «Էրեբունի» ԲԿ-ի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ. դոկտոր-պրոֆեսոր Մ. Եղունյանի ստորագրությամբ դատարան եկած եզրակացության մանրամասն շարադրանքի մեջ ասված է, որ «լուսանկարները դատական բժշկության մեջ չեն կարող հանդիսանալ փորձաքննության հավաստի օբյեկտ, որոնցով հնարավոր լինի կատարել փորձաքննություն և ստանալ եզրակացություն», եթե անգամ դրանք արված լինեն մասնագետի կողմից պրոֆեսիոնալ թվային ֆոտոխցիկով և պահպանված լինեն մի շարք կանոններ։
Դատարանում հայտնվել է, որ Շարբաթյանին վերագրվող դիակի լուսանկարներն արված են NOKIA N 72 տեսակի բջջային հեռախոսի՝ ոչ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով: Այդ մասին, ի դեպ, դատավարության ընթացքում բազմիցս բարձրաձայնել է պաշտպանական կողմը և 3 անկախ փորձագետների կազմած եզրակացությունն ահա գալիս է վերահաստատելու այս աքսիոմատիկ ճշմարտությունը: Իսկ ահա նույն հանձնաժողովի կազմում ընդգրկված մյուս 2 փորձագետները` Սուրեն Օլեյանը և Կարեն Մխիթարյանը, ովքեր, ինչպես իրենք են նշել, ունեն բարձրագույն բժշկական կրթություն, կազմել են առանձին եզրակացություն:
Նրանք, ի դեպ, երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը կատարած ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ են, հանդիսանում են 2-րդ վիճահարույց փորձաքննությունը կազմած փորձագետի ենթակաները։ Վերջինս` հիմք էր ընդունել անհայտ ծագման լուսանկարները` դրանք վերագրելով` որպես Շարբաթյանի լուսանկարներ։ Այդ 2 փորձագետներն ունեն ընդամենը 4-5 տարվա աշխատանքային փորձ։ Հիշեցնենք նաև, որ Ս. Օլեյանի և Կ. Մխիթարյանի ընդգրկումը 3-րդ փորձաքննության հանձնաժողովում կատարվել է արտադատարանական կարգով` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի՝ դատավոր Ն. Հովակիմյանին արված միջնորդությամբ:
Ս. Օլեյանի և Կ. Մխիթարյանի կազմած եզրակացության մեջ բովանդակային առումով գրեթե նույնությամբ շարադրված է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի (իրենց ղեկավարի) կողմից տրված եզրակացությունը՝ հիմնված անհայտ ծագման լուսանկարների վրա: Պաշտպանական կողմը ՀՀ քր. դատ. օրենսգրքի համապատասպան հոդվածներով հիմնավորեց, որ 3-րդ փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովում ընդգրկված փորձագետներ Ս. Օլեյանն ու Կ. Մխիթարյանն իրավունք չունեն` որպես առանձին հանձնաժողով կամ ենթահանձնաժողով, միասին կազմել առանձին եզրակացություն:
Ընթացող դատավարության նախաքննական մի շարք խախտումների մասին հերթական անգամ ծավալուն ու բովանդակալի բարձրաձայնեց մեղադրյալ Սամվել Դիլոյանը: Դիլոյանի ասածներին իրենց համաձայնությունը հայտնեցին ամբաստանյալներ Արտակ և Արեն Վերանյանները: «Չեմ տեսել, չեմ լսել նման եզրակացության մասին, այն էլ` այն դեպքում, երբ նման հակասություններ ունենք»,- նկատի ունենալով Ս. Օլեյանի և Կ. Մխիթարյանի կազմած եզրակացությունը՝ ասաց մեղադրողը՝ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Պետրոս Մարտիրոսյանը:
Նա միջնորդեց 5 փորձագետներին էլ կանչել դատարան` իրենց տված եզրակացությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու, դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ դատարան հրավիրելով միայն հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանին, և Ս. Օլեյանին: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել առաջին փորձաքննությունը տված Լոռու մարզի դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Վ. Սաքանյանին՝ դատարանը այս փուլում չքննարկեց:
«Պաշտպանական կողմը դատարանում, կարծում եմ կարողացավ կողմերի, նաև կողմնակի դիտորդի համար ներկայացնել և հիմնավորել, որ այն 2 հոգու (նկատի ունի Օլեյանին և Մխիթարյանին.-Հ.Ս.) կազմած եզրակացությունը ոչ մի աղերս չունի եզրակացություն հասկացության հետ: Անհիմն, չպատճառաբանված, ակնհայտ ապօրինի եզրակացություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 14-ին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ