Բաժիններ՝

Ինչո՞ւ է ՊՆ-ն հրաժավել «Ավտոմատիկայից»

168.am-ն անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ շուրջ 34 տարի գործող և այժմ մասնավորեցման դրված «Ավտոմատիկա» գործարանի խնդրին, կոռուպցիայի պատմությանն ու միլիոնավոր գումարների մսխմանը: «Ավտոմատիկայի» 20%-ի սեփականատեր, խորհրդի անդամ, ստեղծման օրից մինչև 2009 թ. ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած, այժմ էլ գլխավոր ինժեներ Զավեն Թումանյանը ձեռնարկության ներկա վիճակի համար մեղադրում է ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին և ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանին: ՊՆ համակարգի կողմից որևէ արձագանք չեղավ մեր այս հրապարակմանը:

Այսօր անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նախարարությունը հրաժարվեց արդեն 34 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունից ու կառուցում է նոր, համանման «Պատնեշ» գործարանը: «Մենք բավականին լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացրել և «Ավտոմատիկա» գործարանի խնդիրները, որոնք նրանք իրականացում էին, այսօր վերախմբավորվել են, տեղափոխվել են «Պատնեշ» գործարան, որտեղ հնարավորությունները ավելի մեծ են և գոյություն ունեցող շինություները ավելի բարձր են և ավելի մեծ հնարավորությոն ունեն համապատասխան սարքավորումների, հատկապես՝ հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն հետախուզության համակարգերի վերանորոգման ուղղությամբ»,- ասաց Ս. Օհանյանը:

Նախարարը մասամբ համաձայնեց մեր դիտարկմանը, որ «Ավտոմատիկայում» բավականին զգալի չարաշահումներ են եղել՝ շեշտելով, որ չարաշահումները «որոշ» չափով են: «Ավտոմատիկայի» «խորտակման» համար Ս.Օհանյանը մեղադրեց գործարանի համասեփականատիրոջը՝ Զ.Թումանյանին, ով, ըստ նախարարի, մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը. «Մեկ անգամ ասում է՝ ուզում եմ ձեր հետ լինել, չեմ ուզում ձեր հետ լինել, վաճառեք, հետո կառավարության որոշում ենք ընդունում, փոշմանում է ասում է՝ ես չեմ գնում, և այլն»:

Ս.Օհանյանը հերքեց փոխնախարար Ա.Միրզաբեկյանի ներգրավվածությունը կոռուպցիայի մեջ ու պնդեց, թե Թումանյանի մեղադրանքները ճիշտ չեն. «Եթե կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներգրավված, թող քրեական գործ հարուցեն, քր. գործը կապացուցի ով է մեղավոր, ով ոչ: Անձամբ ես մի քանի անգամ շփվել եմ, իմ համար դյուրին չէ, երբ կառավարության ղեկավարությանը համոզում ես, որ պետք է գնել կազմակերպության 20%-ը, որը մասնավոր սեփականություն է, և հետո սեփականատերը հրաժարվում է վաճառել: Հետո նորից որոշում ու նորից հրաժարվում է: Մենք այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի: Հիմնովին որոշում է ընդունված ռազմավարական հեռանկարում այն կազմակերպությունը, որ մենք որոշում ենք ընդունել ՀՕՊ խնդիրները լուծելու, այսօր մեր պայմաններին համապատասխանում է»:

Թե ինչո՞ւ է բացառում, որ փոխնախարարը կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներգրավված, Ս.Օհանյանը հիմնավորեց, թե ՊՆ ֆինանսների կառավարման համակարգն իր ձևավորման վերջին փուլում է, որտեղ ռազմավարական պլանավորում, բյուջետային պլանավորում, հաշվետվություններ, աուդիտ է կատարվում և այդ շրջափուլում ամբողջությամբ վերահսկողություն է իրականացվում. «Այն խնդիրները, որոնք վերաբերում են փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, պատշաճ կերպով իրականացնում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս