Բաժիններ՝

Մութ պատմություններ «Ավտոմատիկա» գործարանի շուրջ

Այս տարի փետրվարի վերջին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքը: Նախատեսվում է ռազմաարդյունաբերությունը վերածել տնտեսության կարևորագույն և առաջատար ճյուղի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները:

«Անչափ կարևոր ուղղություն է ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացումը ՀՀ-ի համար, հատկապես այն երկրներում, որտեղ կա հակամարտություն, և ստեղծված իրականության` շրջափակման և այլ սահմանափակումների առկայության պայմաններում ռազմաարդյունաբերության ոլորտը հնարավորություն է տալիս բանակի համալրման խնդիրներին լուրջ ուշադրություն դարձնել»,- ԱԺ փետրվարի 25-ի նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու կարևորել ավանդույթների պահպանումը, ընդգծել, որ շարունակական է լինելու այն մեծ աշխատանքը, որ ՀՀ-ում իրականացվել է հետխորհրդային ժամանակներում:

Ռազմական արդյունաբերության հանդեպ նման ուշադրության պարագայում անհասկանալի է ՊՆ-ի դիրքորոշումը` «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության հետ կապված: ՊՆ ենթակայության տակ գտնված այս ձեռնարկությունը Հայաստանի անկախացումից ի վեր նորոգել ու արդիականացրել է ՀՀ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն կայանները: Իսկ այս տարի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՊՆ-ի իրավասության տակ գտնվող 80% բաժնետոմսերը փոխանցել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` մասնավորեցման նպատակով:

Atomatika (11)

Atomatika (20)

Որոշումը հիմնավորվեց նրանով, որ ձեռնարկությունը ռազմաարդյունաբերության խնդիրների լուծման համար առաջադրվող պահանջներին չի համապատասխանում, մասնավորապես` ընկերության շենք և շինությունները չեն բավարարում ՀՕՊ ժամանակակից համակարգերի նորոգման և արդիականացման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև լիարժեք փորձարկումների անցկացման համար:

Մինչդեռ ձեռնարկության ֆինանսական վիճակի, կուտակված պարտքերի մասին կառավարությունը լռեց:

Իրականում ի՞նչը ստիպեց ռազմական արդյունաբերության զարգացումն այդքան կարևորող ՊՆ-ին` հրաժարվել արդեն 34 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունից: Եթե անգամ այն ինչ-որ առումով չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, ինչո՞ւ չփորձեցին ներդրումներ կատարել և արդիականացնել:

Atomatika (16)

«Ավտոմատիկայի» 20%-ի սեփականատեր, խորհրդի անդամ, ստեղծման օրից մինչև 2009 թ. ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած, այժմ էլ գլխավոր ինժեներ Զավեն Թումանյանը կարծում է, որ խնդիրը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է: Մեզ հետ զրույցում նա հայտարարեց, որ խնդիրը կոռուպցիան ու միլիոնավոր գումարների մսխումն է:

«Ավտոմատիկայի» ծնունդն ու կյանքը
Atomatika (3)Զավեն Թումանյանը պատմում է, որ գործարանը ստեղծվել է 1981-ին` «Բազալտ» գործարանի միավորման մեջ: Այն ժամանակ այստեղ փոքր բլոկներ էին ստեղծվում, որոնք օգտագործվում էին «Բազալտում» սուզանավերի և թևավոր հրթիռների արտադրության համար: ԽՍՀՄ փլուզումից հետո «Բազալտը» քանդվեց, «Ավտոմատիկան» մի կերպ պահպանվեց Զ. Թումանյանի ջանքերով: Նա նշում է, որ գործարանը միշտ եղել է ռազմական և այսօր էլ պահպանում է գաղտնիության բոլոր պահանջները: Ըստ նրա` ՀՀ անկախությունից հետո, պատերազմի տարիներին, գործարանը ՀՕՊ զորքերի հիմնական մատակարարն էր, մի քանի խափանված կայաններից հավաքում էին գործող կայաններ, նոր մշակումներ էին իրականացնում ու արդիականացնում հին կայանները:

Խորհրդային շրջանում գործարանում աշխատում էր 1600 հոգի, որից 600-ը` գիտաշխատող: Դրանից հետո մնաց 250 հոգի, գիտահետազոտական ինստիտուտն առանձնացրեցին, և, աշխատանք չլինելու պատճառով, աշխատողները ցրվեցին, ու այն փակվեց: Գործարանում ստեղծվեց մոտ 50 գիտաշխատողներով հատուկ նախագծային բյուրո, որը զբաղվում էր հին տեխնիկայի արդիականացմամբ, փաստաթղթավորմամբ: Սակայն այսօր այդ կազմն էլ չկա, ամբողջ ձեռնարկությունում մնացել է 58 հոգի, որից 8-9-ը պահակ են, 6-ը` հավաքարար:

«Ավտոմատիկայի» կործանումը
2008-ից հետո գործարանը սկսել են քանդել, ասում է Զ. Թումանյանը: Մինչ այդ ՊՆ պաշտոնյաները, ըստ Թումանյանի, չէին համարձակվում միջամտել: Նա ձեռնարկության ներկա վիճակի համար մեղադրում է ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին և ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանին. «Պատճառն այն էր, որ ուղիղ ձևով ատկատ էին ուզում: Ո՛չ սովետի ժամանակ, ո՛չ էլ հիմա ես ո՛չ փող եմ գողացել, ո՛չ էլ ասել են` գողացի, տուր մեզ` տվել եմ: Միութենական գործարաններում նման բան չի եղել, որովհետև բարձր աշխատավարձ էր, ու բոլորը գիտեին` ով ով է: Հիմա որևէ պատվեր են տալիս գործարանի տնօրենին ու ասում, որ «պողոսի» կոոպերատիվը կգա պայմանագիր կկնքի, ու գումարը կվճարեք: Իսկ գումարը գնում է իրենց գրպանը»:

Atomatika (14)

Զ. Թումանյանի հայտարարության հիման վրա ՀՀ ՊՆ քննչական բաժնում դեռ 2010-ին հարուցվել է քրեական գործ` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ: Պարզվել է, որ ՀՀ ՊՆ Նյութատեխնիկական դեպարտամենտի կողմից, ըստ Զ. Թումանյանի, օրենքների կոպիտ խախտմամբ ձեռնարկությանը տարբեր ծառայությունների և նույնիսկ չկատարված աշխատանքի համար հատկացվել են գումարներ, որոնք անհիմն ու աննպատակ են ծախսվել: ՊՆ քննչական ծառայության կողմից առաջադրված հարցերը ստուգել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունը:

Atomatika (15)

Արդյունքում` արձանագրվել է 110 մլն դրամի ֆինանսական խախտում, որը, Զ. Թումանյանի խոսքով, վատնվել է գործարանի միջոցով: «Քր.գործը կազմել է 14 հատոր, 2 տարի առաջ նշանակվել է փորձագիտական քննություն, որը մինչ օրս չեն կարողանում ավարտել: Դրանից հետո էլ գործարանում թալանը շարունակվել է, և անպատժելիության ու բարձրաստիճան հովանավորների աջակցությամբ վատնված գումարներն աճել են ևս 34.5 մլն դրամով, մասնավորապես, ընկերության հետ 2010-2012 թթ. պայմանագրերով իրացվել է նշված արժողությամբ ապրանք, որի դիմաց, սակայն, ՊՆ-ն վճարում չի կատարել` պատճառաբանելով, թե գործարանը պարտք ունի:

Յուրացրել են գործարանի փողերը: Բայց չէ՞ որ նրանք հաշվետու են Ֆինանսների նախարարությանը: Եթե այս գումարն իրենց մոտ «կարմրել» է, իրենք չեն տվել, մնացորդ է մնացել, ապա ո՞ւր են ծախսել դրանք: Դատախազին եմ դիմել` չի պատասխանել` արդեն մոտ 4 ամիս է: Քննիչն էլ ոչինչ չի անում: Ես գործարանը հանձնել եմ պահուստային կապիտալը 130 մլն դրամով, հիմա այն 13.3 մլն է: Մաշել են, ո՞ւր է գնացել: Այսօրվա դրությամբ ընդհանուր 180 մլն դրամ գումարը մսխված է, դատական գործեր են բացված, աշխատողներն էլ մտել են դատարան` առանձին աշխատավարձի պահանջով: Գործարանի խորհուրդը 7 հոգի է, որից միայն ես եմ, ըստ իրենց` «դրսից»: Ոչ մի անգամ խորհուրդ չեն հրավիրում:

Խորհրդի նախագահը Միրզաբեկյանի աշխատակազմի ղեկավարն է: Հիմա նամակ ենք գրել, որ խորհուրդ հրավիրեն, տեսենք` ինչ են անում»,- ասում է Զ. Թումանյանը:
Նրա խոսքով` «Ավտոմատիկան» ընդհանրապես պետք է չլիներ ՊՆ-ի ենթակայության տակ, քանի որ արդյունաբերական ձեռնարկություն է, այլ պետք է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ լիներ, այլապես ստացվում է` ՊՆ-ն և՛ պատվիրատուն է, և՛ ընդունողը, և՛ ստուգողը: Այսպես գոնե այդ կախվածությունը կվերանար, նշում է նա ու հավելում, որ կոռուպցիան ամբողջովին մի մարդու ձեռքին է:

Զ. Թումանյանը նշում է, որ բազմիցս դիմել է պաշտպանության նախարարին, սակայն այս տարիների ընթացքում, թեև քր. գործ է հարուցվել և այլն, ոչ մի անգամ չի հետաքրքրվել, գործարան չի եկել։

«Եթե զրպարտում եմ` բռնեք: Ես 100% համոզված եմ` Օհանյանը ոչ մի բանից գաղափար չունի: Նա սրա ժամանակը չունի, էնքան դարդ ու ցավ ունի զորքերում, որ տեսնի, թե իր տեղակալները, հատկապես Միրզաբեկյանն ու Իսախանյանը ինչով են զբաղված: Բայց ես իրեն ինչում եմ մեղադրում` գոնե ինձ մի օր կանչի, լսի, կարող է մի խելոք բան էլ ես ասեմ: Մի՞թե 1-3 րոպե ժամանակ չունի»,- ասում է Թումանյանը:

Atomatika (12)

2008-ից հետո, ըստ Զ.Թումանյանի, ՊՆ-ն պատվերները նվազեցրել է, փոխարենը` 400 մլն շինարարության համար գումար է ծախսել Հրազդանում «Պատնեշ» գործարանի կառուցման համար. «Նույն աշխատանքը կարելի էր անել առանց մի կոպեկ անգամ ծախսելու: Ասում են, թե այստեղ գաղտնիություն չի ապահովվում, բայց գաղտնիության ոչ մի հարց չկա: Նախ` «Ավտոմատիկային» մոտ շրջակայքում ոչ մի բնակելի տարածք չկա, իսկ այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ տիեզերքից կարելի է ամեն ինչ տեսնել: Միևնույն է, այնտեղ էլ կայանը պետք է հանեն դուրս: Ի՞նչ է, պետք է մեր տեխնոլոգիաների՞ն հետևեին: Տգիտություն է, կյանքում ինժեներ չեն եղել, գաղափար չունեն»:

Դեռ նախկին կառավարության օրոք ՊՆ-ն կրկին փորձել է մասնավորեցնել գործարանը, սակայն Զ. Թումանյանը նշում է, որ դիմել է վարչապետին, ՀՀ նախագահին, ու սեփականաշնորhման գործընթացը կանգնեցրել են: Բայց կառավարության փոփոխությունից հետո կրկին վերսկսեցին:

Մասնավորեցման նպատակը
Այսօր «Ավտոմատիկայի» մասնավորեցման գործընթացի վերսկսումը, ըստ Զ. Թումանյանի, հստակ է` մսխված գումարները կոծկելն ու քր.գործը փակելն է: Նրա խոսքով` մասնավորեցնելու դեպքում գնորդն ինքը պետք է իր վրա վերցնի բոլոր պարտավորությունները: Ներկայումս գործարանի գինը 1 մլրդ 100 մլն դրամ է: «Էդ ո՞վ կտա այս գումարը: Կարծում եմ` աճուրդ են անելու, և եթե գնորդ չի գտնվում, գինը գցում են: Ի վերջո, այն չափով գինը կնվազեցնեն, մինչև գնորդ կգտնեն, որի հետ պայմանավորվեն, որ գումարի կեսն էլ սեփական գրպանն անցնի: Բայց այս դեպքում ես իրենց համար խոչընդոտ եմ` 20% բաժնեմասն իմն է, ու առաջին գնորդը ես եմ: Վախենում են, որ այն գնի իջեցնեն, որ ես գնեմ, ու իրենք օգուտ չունենան: Ու քանի ես կամ, այդ գնորդն էլ կվախենա ձեռք բերել գործարանը»,- վրդովված ասում է Զ.Թումանյանը:

Զ.Թումանյանը վստահեցնում է, որ գործարանն այսօրվա ՊՆ պահանջը 100%-ով հանգիստ կարողանում է կատարել: Ավելին` պատվերները ժամանակից շուտ են ավարտում: Վերջին անգամ ՊՆ-ն, ըստ Զ.Թումանյանի, անցած տարվա վերջին է նոր պայմանագիր կնքել` 56 մլն դրամի, որի 80%-ն արդեն կատարված է, սակայն նոր պատվեր այլևս չեն տալիս. «ՊՆ-ն հրաժարվել է նոր պայմանագրեր կնքել: Ըստ օրենքի` իրենք դրա իրավունքը չունեն: Կառավարության որոշմամբ` բաժնետոմսերի կառավարումը պետք է տան ուրիշի: Ո՞վ կլինի կառավարիչը` հայտնի չէ: Բայց եթե դու փոխում ես կառավարման մարմինը, պարտավոր ես պայմանագրերը պահպանել, իսկ իրենք հրաժարվում են պայմանագրերից: Եթե 2-րդ գործարանն են ստեղծել, պետք է տենդեր հայտարարեն պատվեր տալու համար: Ով կշահի` նա էլ կսկսի անել դա: Բայց այդ «Պատնեշ» գործարանը հագեցված չէ սարքավորումներով: «Ավտոմատիկայի» նման գործարան ստեղծելը մի օրվա բան չէ: Նաև մասնագետների խնդիր ունեն, նոր մասնագետներ էլ չունեն»:

Ի դեպ, «Ավտոմատիկան» 2008-ին արդիականացման ուղղությամբ կատարել է գիտական աշխատանք՝ նոր ռադիոլոկացիոն կայանի մշակում, և փորձանմուշը 2008-ից պատրաստ է, բայց մինչ օրս ինչ-ինչ պատճառներով թույլ չեն տվել, որ դա արտադրվի, ու հարցն օդում կախված է: Մինչդեռ, ըստ Զ.Թումանյանի, ԶՈՒ-ում կիրառվող տեխնիկան հնանում է, և պետք է նորը գնեն. «Ինչի՞ գնեն, եթե կարող էինք արտադրել 4-5 անգամ ավելի էժան, քան նույնատիպ տեխնիկան ուրիշից ձեռք բերելու դեպքում: Մեր մշակումը տեխնիկական պարամետրերով արված է մեր տեղանքին համապատասխան և ոչնչով չի զիջում գնված տեխնիկային: Պետության ճակատագրի հետ են խաղում, վերջը երեխեք ունենք, թոռներ ունենքգ»:

Հ.Գ. Պատրաստ ենք հրապարակել նաև այն պաշտոնյաների տեսակետները, ում Զավեն Թումանյանը մեղադրում է գործարանի շուրջ ստեղծված իրավիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս