««Էլ լոտո» խաղային ապարատները կազինոյի ապարատներ չեն, նույն լոտոն է՝ քաղաքակիրթ ձևով». Սերգեյ Մանուկյան
Օրերս լրատվամիջոցներն անդրադարձել էին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրված խաղային ապարատներին, որոնք կոչվում են «Էլ լոտո»: Ապարատներն աշխատում են գումարով, որը սկսվում է 1000 դրամից, և մետաղադրամների ներբեռնման տեղ չկա: Լրատվամիջոցներից մեկի թղթակցի այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» ևս կար այդ ապարատից, ու մարդիկ հերթ էին կանգնել՝ խաղալու համար: Խաղալու իր հերթին սպասող քաղաքացիներից մեկն ասել էր, որ դրանք աշխատում են «կազինոյի ապարատների» նման: Սուպերմարկետներում և գազալցակայաններում տեղակայված նման ապարատները համարվում են շահումով խաղային ավտոմատներ, շահույթ են հետապնդում, հետևաբար՝ ըստ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ արգելվում է քաղաքի ներսում շահումով խաղերի, խաղային ապարատների տեղադրումը քաղաքի ներսում, դրանք պետք է տեղակայվեն քաղաքից դուրս:
168.am-ը փորձել էր ճշտել՝ ո՞ւմ են պատկանում «Էլ լոտո» խաղային ապարատները, և արդյո՞ք օրինական գործունեություն է ծավալում դրանք տեղադրող ընկերությունը: Պարզվեց, որ «Էլ լոտո» ապարատները տեղադրում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը, ով հայտնի է «Շինանյութի Սերոժ» կամ «Եվրոպայի Սերգեյ» մականուններով, ում պատկանում է նաև Աշտարակ գնացող ճանապարհի հսկա, արձանախմբերով առանձնատունը: «Էլ լոտո» խաղային ապարատները նա վարձակալական հիմունքներով տեղադրում է սուպերմարկետներում և այլ մարդաշատ հատվածներում:
Ըստ մամուլի հրապարակումների՝ դեռևս 2013թ. վերջինս «Good win» բուքմեյքերական գրասենյակներ էր բացում, որից դժգոհություններ էին հնչում:
«Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը երեկ 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները, որ Երևանի սուպերմարկետներում ու մոլերում տեղադրված «Էլ լոտո» խաղային ապարատները պատկանում են իր ընտանիքին: Նա հստակեցրեց, որ ապարատները տեղադրել է «Գուդ վին» ընկերությունը, որի բաժնետերն իր որդին է:
Ընդ որում, նա հայտարարեց, որ «Էլ լոտոները» խաղային ապարատներ չեն, այլ վիճակախաղի ավտոմատներ են. «Ո՞նց են փողոցում լոտո վաճառում, էդ նույն լոտոն վաճառում է քաղաքակիրթ ձևով ավտոմատը՝ լատարեյնի տերմինալը»,- ասաց նա:
Ս. Մանուկյանն ընդգծեց, որ ապարատները լիցենզավորված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից. «Դա եթե խաղային ապարատ լիներ, կյանքում լիցենզիա չէր տրվի դրան»: Լիցենզիան, ըստ նրա, անժամկետ է, տարին մեկ վճարումներ են կատարում:
Մեր հարցին՝ հետաքրքրությունը մե՞ծ է ապարատների նկատմամբ, Ա.Մանուկյանը պատասխանեց, որ առայժմ՝ ոչ այդքան. «Մարդիկ չգիտեն դեռ, չեն պատկերացնում, սա խաղային ապարատ չի: Մեր ժողովուրդը շատ չի հասկանում՝ դա ինչ ա, շատ քիչ ա հետաքրքրությունը: Բայց ամբողջ աշխարհում կիրառվող բան ա, Ֆրանսիայում, Անգլիայում կան նույն բաները, ցիվիլ երկրներում, չհաշված՝ հին Սովետի երկրները: Սա համապատասխանում է մեր հայկական օրենքին՝ իրա տառով, հոգով, ամեն ինչով: Ոչ մի խախտում չկա»:
Ս. Մանուկյանը նաև նշեց, որ ապարատները Երևանում դեռ շատ չեն, բայց կշատանան: Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, որ կարող է չաշխատել. «Բիզնես է, եթե աշխատեց՝ կավելանա, իսկ եթե ոչ՝ ոչ»:
Մեր դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, մարդիկ շատ «ազարտով» էին խաղում ու համեմատում էին «կազինոյի» հետ, Ս. Մանուկյանը հակադարձեց. «Լոտո առել-ջնջել ե՞ս: Մարդիկ հավաքվում, սիրուն ջնջում են, հետո գոռում են՝ շահեցի՜: Նույն բանն ա»:
Նշենք, որ ըստ Ֆինանսների նախարարության կայքի՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն դեռ 2011 թ.-ից ունի լիցենզավորված վիճակախաղերի լիցենզիա, որը գործում է մինչ օրս:
Երեկ Ս. Մանուկյանը նաև 168.am-ին ուղարկեց լիցենզավորման հետ կապված և այլ փաստաթղթերն ու հիմնավորումները:
««Գուդվին-Բետ» Ընկերությունը վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2011 թվականի նոյեմբերի 14-ից: Ընկերության կողմից կազմակերպած տոտալիզատորի ապրանքային նշանն է GOODWIN, իսկ վիճակախաղային տերմինալի միջոցով կազմակերպած վիճակախաղերի ապրանքային նշանն է EL-LOTO:
Ընկերությունը իր գործունեությունը իրականացնում է համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի, և նրա կողմից վիճակախաղային տերմինալների միջոցով իրականացվող գործունեությունը հանդիսանում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն:
Վիճակախաղային տերմինալի միջոցով իրականացվում է՝ վիճակախաղի տոմսի վաճառք, գնված վիճակախաղի տոմսի ակնթարթային մասի շահող կամ չշահող լինելու փաստի պարզում և վիճակախաղի տոմսը շահող լինելու դեպքում՝ շահման տրամադրում: Այսինքն, այս սարքավորումն իր ֆունկցիաներով փոխարինում է փողոցում փոքրիկ սեղանիկների վրա թղթային տեսքով վիճակախաղի տոմս վաճառող անձանց, իսկ վիճակախաղի մասնակիցը մանրադրամի միջոցով տոմսի ծածկաշերտ քերելու փոխարեն՝ մատի հպումով է պարզում այդ տոմսի շահող կամ չշահող լինելու փաստը: Տերմինալների միջոցով կազմակերպված վիճակախաղերը հանդիսանում են թղթային վիճակախաղերի ժամանակակից տարբերակը: Վիճակախաղի տոմսի գնման, շահումը որոշելու և տրամադրելու ողջ ընթացքը վիճակախաղային տերմինալի մոնիտորի վրա ուղեկցվում է ձայնային և տեսողական էֆեկտներով` անիմացիոն ռեժիմով, որոնք ոչ մի կերպ չեն ազդում վիճակահանության արդյունքների վրա:
Ինչ վերաբերում է մամուլի որոշ միջոցներում տեղ գտած լրատվությանը, հարկ ենք համարում նշել, որ այն հանդիսանում է ՀՀ օրենսդրության չիմացության արդյունք կամ ապակողմնորոշող խեղաթյուրանք:
Հարկ ենք համարում նաև նշել, որ համաձայն Մոսկվայի Առևտրա-արդյունաբերական պալատի փորձամեթոդական սերտիֆիկացման կենտրոնի փորձաքննության, ինչպես նաև ՀՀ ներմուծման հայտարարագրի՝ վերոնշյալ սարքավորումները հանդիսանում են վիճակախաղային տերմինալներ»,- ասված է «Գուդվին-Բետ» ընկերության կողմից մեզ ուղարկված մեկնաբանության մեջ: