«Հիմա Հայաստանը փորձում է իր մասնաբաժինը պոկել ԵՏՄ-ից». Անուշ Սեդրակյան

«Քանի որ ՌԴ-ին իր մեծապետական քաղաքականությունն այսօր չի կարողանում կառուցել տնտեսական մենաշնորհների, տեխնոլոգիկ առաջընթացի վրա, նա ստիպած է կառուցել իր այդ քաղաքականաությունը հողերի բռնազավթման կամ, ինչպես ինքն է ասում, հողերի հավաքման քաղաքականության վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով օրերս տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն կոլեգիայի նիստի մասին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նա կարծում է, որ այդ «հողերի հավաքման քաղաքականությունը» Ռուսաստանը չի զիջելու, որովհետև, ըստ նրա՝ ՌԴ-ն կորցնում է իր ողջ գաղափարական առանցքը: Ա. Սեդրակյանի խոսքով՝ այստեղ Արևմուտքն էլ չի զիջելու, որովհետև Ուկրաինայի գործոնը ընդհանրապես «փլուզում է» Եվրատնտեսական միության գաղափարը:

«ԵՏՄ-ի մեջ ամենամեծ խաղացողը հաշվարկված էր Ուկրաինան, և նույնիսկ Հայաստանի բռնի բռնակցումը ԵՏՄ-ին նույնպես տրված էր, որպեսզի Ուկրաինան որոշակի առումով սարսափ ապրի, կամ համոզվի և գնա այդ հետքերով: Հիմա մենք արդեն կարևոր չենք»,- հայտարարեց Ա. Սեդրակյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵՏՄ նիստում հնչեցրած ելույթի մասին, Ա. Սեդրակյանը հույս հայտնեց, որ այդ «ճառի» բաղկացուցիչ մասը՝ Իրան և Չինաստան կոմպոնենտը այն է, որ Հայաստանը առաջարկում է միջանկյալ օղակ լինել Ռուսասան-Իրան, ինչպես նաև Իրան-Ամերիկա հարաբերություններում:

Կարդացեք նաև

«Ես կարծում եմ, որ եթե Եվրոպան է իրեն ալտերնատիվ էներգակիրներ փնտրում, մենք ուղղակի պարտավոր ենք դա անել: Դա մեսիջ էր, որ Հայաստանը չկարողացավ բաժին ստանալ ԵՏՄ-ից՝ ի տարբերություն Բելառուսի, Ղազախստանի, և հիմա Հայաստանը փորձում է իր մասնաբաժինը պոկել ԵՏՄ-ից, իսկ ավելի շատ Ռուսաստանի դիկտատից»,- ասաց Ա. Սեդրակյանը:

Ըստ նրա՝ ՌԴ-ն հույս ուներ ԵՏՄ-ի միջոցով փակել Չինաստանից եկող էժան ապրանքի հեղեղը, բայց սանկցիաները նրան ստիպեցին, որ նա Չինաստանին զիջի նույնիսկ այդ սահմանագիծը և «հիմա Ռուսաստանը ուղղակի գնում է Չինաստանի կողմից կլանման ճանապարհով»:

Տեսանյութեր

Լրահոս