Բաժիններ՝

Ինչու են ազատ արձակել ՀԽ կալանավորված անդամներին

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց այսօր ազատ արձակված մեղադրյալների պաշտպան Հայկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ փոխվել է ՀԽ կալանավորված անդամների խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված նրանց ազատ արձակելու որոշումը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ բացի հանրային ճնշումից՝ եղել է նաև ճնշում միջազգային կազմակերպությունների կողմից: «Բոլորս տեղյակ ենք «Human rights watch»-ի կողմից ուղղված նամակին, որտեղ բացի Գևորգ Սաֆարյանի խուցը փոխելու մասից՝ կային նաև որոշակի հստակ մտահոգություններ կալանավորման հիմնավորման կապակցությամբ: Այսինքն՝ այնտեղ կոչ էր արվում նաև ազատ արձակել այդ 5 հոգուն, որոնք բնութագրվում էին որպես քաղբանտարկյալներ, քանի որ կալանավորումն ի սկզբանե անօրինական է եղել:

Նաև բացառված չեն որոշ այլ ճնշումներ, ոչ թե ճնշումներ, այլ այլ շփումներ իրավապահ մարմինների և միջազգային որոշակի կազմակերպությունների հետ: Նրանք հետաքրքրված էին հարցով, մեզ հետ եղել են կապի մեջ և մենք պարբերաբար տեղեկատվություն ենք տրամադրել գործի ընթացի, կատարված ապօրինությունների մասին: Այսինքն՝ կարծում եմ, որ այս բոլոր համալիր աշխատանքները՝ թե փաստաբանական խմբի, թե ներպետական դիտորդական առաքելությունների, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, տվել է իր արդյունքը: Նաև բոլորիս պարզ է, որ քաղաքական որոշում էր, որ կայացվել է, իսկ քաղաքական որոշում կայացնելիս հաշվի են առնում ոչ միայն իրավական հանգամանքները, հիմնավորումները, այլ նաև հասարակական և միջազգային-իրավական հարցերը»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ քրեական գործի վարույթն էլ կարճվի, նա պատասպանեց. «Եկեք չբացառենք ոչ մի բան: Գործն իրականում չունի հիմնավորումներ: Նույնիսկ այս մոտ 1 ամիս քննության ընթացքում չեն հավաքվել ապացոյցներ՝ իրեղեն կամ այլ, որով կհիմնավորվեր իրենց վարկածը: Ըստ իս՝ կարճման հիմքերը հիմա էլ կան, կամ ավելի շուտ էլ կային, հարուցման հիմքեր չկային: Բայց քանի որ, նորից եմ ասում, հարցը քաղաքական է, կարճումով, թե մեկ այլ ձևով կավարտվի, արդեն խնդրի մեկ այլ կողմն է: Բայց այն, որ նման ձևով քրեական հետապնդումը չի կարող շարունակվել և ներկայացվել դատարան, ինձ համար՝ որպես փաստաբանի ակնհայտ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս