Լարիսա Ալավերդյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին
«Կարող է նախագահը պահանջ չունի Թուրքիայից, բայց ես ունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե մենք պահանջ չունենք Թուրքիայից՝ հակադարձեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Լ. Ալավերդյանի համար՝ Ցեղասպանության ճանաչելը կամ չճանաչելը անցյալի մասին չէ, դա այսօրվա և ապագայի մասին է. «Մասնավորապես ես գտնում եմ, որ մինչև Թուրքիան չի ապաշրջափակել Հայաստանը, ես չեմ կարող ընդունել, որ որևէ ատյանի որոշում կամ փոխհատուցում նշանակություն ունի: 1990 թվականի բաց նամակում, որում ավելի քան 30 գործիչներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից գրել են, որ մեզ անհանգստացնում է ոչ միայն վայրագությունը, որը տեղի է ունենում Ադրբեջանում, այլև Ցեղասպանության նոր ձևը՝ շրջափակումը, որով ուզում են ծնկի բերել մեր ժողովրդին և երկրին: Ես կարծում եմ, որ ապաշրջափակումը կնշանակի, որ Թուրքիան սկսել է Ցեղասպանությունը դադարեցնելու գործընթացը, նույնը վերաբերում է Ադրբեջանին: Եթե սա տեղի չի ունենում, նշանակում է շարունակվում է այն քաղաքականությունը, որը սկսվել է անցյալ դարի սկզբին»:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի նման հայտարարությունը, Լ. Ալավերդյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ դա նույն իրավիճակն է, որը տեղի է ունեցել 2009 թվականին՝ արձանագրություներից առաջ: Համոզված եմ, որ դա արձագանք է այն որոշ ուղերձներին, որոնք հղվում էին մեր պետությանը և հիմնականում իշխանությանը, որ պետք է գնալ այսպես ասած հաշտության»: