Պուտինի երևանյան այցը չի կարող բացասաբար ազդել Անկարայի հետ հարաբերությունների վրա. Պեսկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է, և որ Հայաստանում կազմակերպված միջոցառումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցելը չի կարող բացասաբար ազդել Անկարայի հետ հարաբերությունների վրա.
«Լիովին բնական է, որ նախագահն այլ երկրների առաջնորդների հետ գտնվել է Երևանում: Շատ կարևոր է նախագահ Պուտինի ելույթին մանրակրկիտ ծանոթանալը և շատ կարևոր է չմոռանալ, որ Թուրքիան միաժամանակ մեր ռազմավարական գործընկերն է:
Մենք ունենք դիվերսիֆիկացված հարաբերություններ: Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները լայն են: Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի հետ հարաբերությունները: Մենք կարծում ենք, որ հիշատակի միջոցառումներին նախագահի մասնակցությունը որևէ կերպ չի կարող ունենալ բացասական հետևանքներ»: