Ծնողներից թաքցնելու համար աղջիկն ասել է, թե տղան իրեն առևանգնել է
Ընդհանուր իրավասության դատարանը քննում է սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող Արարատի մարզի բնակչուհու գործը:
Աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր կամքով համագյուղացու հետ ամուսնության նպատակով մեկնելու հանգամանքը ծնողներից թաքցնելու համար, գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված պատասխանատվության մասին, կատարել է սուտ մատնություն, այն է` գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ Երևանից ավտոբուսով տուն վերադառնալիս, ճանապարհի Բուրաստան գյուղի հատվածում իրենց համագյուղացին կանգնեցրել է ավտոբուսը ու իբր իր կամքին հակառակ իրեն իջեցնելով ավտոբուսից, նստեցրել է ավտոմեքենան և ամուսնության նպատակով առևանգել ու տարել է իր ազգականի տուն՝ դրանով իսկ համագյուղացուն մեղադրելով միջին ծանրության հանցագործության կատարման մեջ:
Նշենք, որ քրեական օրենսգրքի համապատասխան յոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: