Օբաման ողջունել է Հռոմի պապի դիրքորոշումը, սակայն վերստին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը որակել է որպես 20-րդ դարի առաջին զանգվածային սպանություններ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արած հայտարարությունում Օբաման ընդգծել է, որ քանիցս արտահայտել է իր դիրքորոշումը 1915 թվականին տեղի ունեցածի հանդեպ, և որ այդ հարցում իր դիրքորոշումը փոփոխություն չի կրել:
Օբաման հայտարարել է, որ փաստերի լիարժեք, շիտակ և արդար ճանաչումը բխում է իրենց շահերից և վերստին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:
«Այս տարի մենք նշում ենք «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի առաջին զանգվածային հաշվեհարդարի 100-րդ տարելիցը: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը բռնագաղթեցվել են, նրանց սպանել են, հարկադրել են գնալ մահվան:
Նրանց մշակույթն ու ժառանգությունը ոչնչացվել են նրանց հինավուրց հայրենիքում: Այն ժամանակ տեղի ունեցած զանգվածային բռնությունը հանգեցրել է 1.5 միլիոն հայերի մահան: Այս տարելիցը սուրբ պահ է:
Այն մեզ կոչ է անում խորհել պատմական հիշողության պահպանման կարևորության շուրջ, անհրաժեշտ է հաշվի առնել անցյալը, եթե անգամ դա բարդ է»:
Օբաման ընդգծել է հայ և ամերիկացի ժողովուրդների միասնությունը՝ հավելելով, որ շարքային ամերիկացիները հավաքել են միլիոնավոր դոլարներ՝ աջակցելով տառապող հայ երեխաներին, իսկ Կոնգրեսը հիմնել է Մերձավոր Արևելքին օգնություն ցուցաբերելու կազմակերպություն, որը դարձել է միջազգային հումանիտար առաջին կազմակերպություններից մեկը.
«Հազարավոր հայեր նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում, ուր նրանք հիմնել են ուժեղ Սփյուռք, որը դարձել է ամերիկյան ընկերակցության հիմքերից մեկը»: Օբաման ողջունել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դիրքորոշումը, ինչպես նաև հայ և թուրք պատմաբանների տեսակետերը, որոնք փորձում են «լույս սփռել» պատմության այդ մութ էջերի վրա: