Էդվարդ Նալբանդյանի ամփոփիչ ելույթը ֆորումի ժամանակ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եզրափակող ամփոփիչ ելույթով հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին։
Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ելույթը.
«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի հոգևոր հայրեր,
Հարգարժան հյուրեր,
Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆորումի բոլոր մասնակիցներին: Առանձնահատուկ երախտիքի խոսքերի են արժանի այս երկու օրերի ընթացքում, բոլոր երեք նիստերի նախագահողներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ֆրանկ Չոկը, Պատրիկ Դևեջյանը, Նիկոլայ Ռիժկովը և Դուք, հարգարժան Բարոնուհի Քոկս, ինչպես նաև ելույթով հանդես եկած մասնակիցները, խորհրդարանականները, հոգևոր առաջնորդները, քաղաքագետները, փորձագետները: Զեկույցների բազմազանությունը, խորությունը և պարունակող ուղերձները փարատում են ամենափոքր կասկածն անգամ, որ միջազգային հանրության պայքարն ընդդեմ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների չունի այլընտրանք:
Վերջին հարյուր տարիների ընթացքում մարդկության կրած սարսափելի ցնցումները, միջազգային քաղաքականության մեջ գրանցված դարակազմիկ տեղաշարժերը, համաշխարհային քաղաքական գործընթացներում մարդու իրավունքների նորովի ընկալումները վերահաստատում են, որ ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի:
Այդ է պատճառը, ինչպես նշեց Նախագահ Սերժ Սարգսյանը բացման իր կարևոր ուղերձում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումների հետ միասին, մենք առանցքային տեղ ենք հատկացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերում մեր ներգրավվածությանը:
Այդ է պատճառը, որ կարևորագույն ուղերձներից մեկը, որը ցանկանում ենք հղել ամբողջ աշխարհին, ցեղասպանությունների կանխարգելման հրամայականն է՝ որպես քաղաքակիրթ աշխարհին, ներկա և ապագա սերունդներին միավորող վեհ նպատակի, որը չի կարելի ստորադասել որևիցե քաղաքական շահի, որին չի կարելի երկրորդական նշանակություն տալ` անկախ տվյալ պահի քաղաքական օրակարգից:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ իր ելույթում բարձր գնահատելով կանխարգելման ուղղությամբ Հայաստանի` միջազգային հարթակում իրականցվող ջանքերը, կոչ արեց շարունակել դրանք:
Ընդունված ճշմարտություն է, որ եթե մենք չենք ցանկանում թույլ տալ ցեղասպանությունների կրկնությունը, ապա պարտավոր ենք վեր հանել այն նախապայմանները, որոնք հանգեցրել են անցյալի ցեղասպանությունների իրականացմանը: Եվ ֆորումի մասնակիցներից շատերը մանրամասն անդրադարձ կատարեցին մարդկության դեմ այս սարսափելի ոճրագործությունը սնուցող պատճառներին: 1915թ. Հայոց ցեղասպանությանը հետևած միջազգային արձագանքը նպաստեց իրավական և հասարակական շրջանակներում ամենահանցավոր հանցագործության, կամ Ուիլյամ Շաբասի դիպուկ բնութագրմամբ մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործության` ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Այս առումով ուշագրավ էր Դանիել Ֆեյերշտեյնի բացահայտումը, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադրման նպատակների հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության փաստը:
Կցանկանայի ևս մեկ անգամ վերհիշել, և դրա մասին ասվեց բացմանը, որ 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը բնորոշեցին, որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն»:
1919թ. Օսմանյան դատարանը իր դատավճռով երիտթուրք ղեկավարների նկատմամբ սահմանեց անհատական պատասխանատվություն հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման համար: 1929թ. Ուինսթոն Չերչիլը հայերի կոտորածը բնութագրեց՝ որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու այդ տարածքները քրիստոնյա ռասայից»: Ինչպես մեր ֆորումի մասնակից Դոննա Լի Ֆրիզը բավական հանգամանալից ներկայացրեց, հետագայում Ռաֆայել Լեմկինը հղում կատարելով հայերի դեմ տեղի ունեցածին, առաջ քաշեց «գենոցիդ» եզրույթը:
Հայոց ցեղասպանությունը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Ընդ որում, այդ արձագանքը նույն հնչեղությունն ուներ ինչպես եվրոպական պետություններում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, այնպես էլ արաբական աշխարհում: Բազմաթիվ մտավորականներ, պետական, հասարակական, քաղաքական և կրոնական գործիչներ բարձրաձայնեցին հայերի դեմ իրականացվածի անթույլատրելիության մասին` կոչ անելով մեծ պետություններին պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և պայմաններ ստեղծել այդ արհավիրքի հետևանքների վերացման համար, որոնց իրավական առանձնահատկություններին անդրադարձան Հենրի Թիերոն և Պատրիկ Դամբըրին:
Նման արձագանքը վկայությունն էր այն բանի, որ հայերի դեմ տեղի ունեցածը ընկալվեց որպես ոչ թե սոսկ մի ժողովրդի ցավ, այլ մարդկության դեմ իրականացված ոճիր: Ինչպես իրավացիորեն նշեց Յաիր Աուրոնը` Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայ-թուրքական` այլ ողջ մարդկության խնդիրն է:
Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ կանխարգելել 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը հետևած մյուս ցեղասպանությունները: Պատճառը, և գլխավոր դասը, որը մենք պետք է քաղենք թերևս այն է, որ միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ջանքերում անհրաժեշտ վճռականություն, հետևողականություն և միասնականություն չդրսևորեց՝ չկատարվեցին համապատասխան քաղաքական և իրավական եզրահանգումներ:
Ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,
Միջազգային հանրության միասնական ջանքերի համատեքստում մեծ կարևորություն է ներկայացնում մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունված ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին 71 երկրներ: Այն ամրագրում է ցեղասպանությունների կանխարգելման համար առաջնային կարևորություն ունեցող քայլերը, որոնք նաև արտացոլված էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման նախորդ բանաձևերում:
Ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում: Այս մասին երեկ տպավորիչ ելույթով հանդես եկավ Երուսաղեմի Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Պրոֆեսոր Իսրայել Չարնին: Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի կատարելագործման ուղղությամբ: Պետք է երաշխավորել, որ այս առաջընթացը շարունակություն ունենա: Միաժամանակ, այն պետք է զուգորդվի զսպման հստակ մեխանիզմների հաստատմամբ: Ցավոք սրտի, այսօր Մերձավոր Արևելքում ծայրահեղական ուժերի կողմից իրականացվող վայրագությունները՝ անցյալի սարսափները հիշեցնող` քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները և հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթական արժեքների նկատմամբ վանդալիզմը վկայում են, որ հատկապես այս վերջին ուղղությամբ միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի: Այստեղ կցանկանայի շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Ֆրանկ Չոկին այս հարցերին առավել մանրամասն անդրադարձ կատարելու համար:
Ցեղասպանության կանխարգելման հաջորդ կարևորագույն ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումն է, նաև հանդուրժողականության արմատավորումը, ինչպես հասարակությունների ներսում այնպես, էլ տարբեր ժողովուրդների միջև հարաբերություններում: Ժողովրդավարության ամրապնդումը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը այն ամուր հենասյուներն են, որոնք կառուցելով և ամրապնդելով կարելի է արմատախիլ անել անգամ ամենածայրահեղ խմբերի և գաղափարախոսությունների ավերիչ մտադրությունները: Ցեղասպան միջավայրի ի հայտ գալը բացառելու համար անհրաժեշտ է նաև հետևողականություն այլատյացության, խտրականության, թշնամանքի սերմանման դեմ պայքարում, քանզի ցեղասպանություն չարիքի սաղմը սնուցվում է հենց այս խիստ բացասական երևույթներից:
Ցեղասպանությունների կանխարգելման կարևոր ուղղություններից է հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը` կրթական ծրագրերի և հիշատակման միջոցով: Հիշատակումը կարևորություն ունի նաև ցեղասպանության հետևանքների վերացման հարցում, ինչի մասին բավական հետաքրքիր զեկույցով հանդես եկավ թուրք մտավորական Չենգիզ Ակթարը: Ցեղասպանության հետևանքնրի վերացման հոգեբանական բարդությունների մասին բացառիկ զեկույցի համար առանձնահատուկ երախտագիտության է արժանի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն: Ես հիշում եմ՝ ինչպես մեկ տարի առաջ Ժնևում նա ոչ պակաս հուզիչ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված Ցեղապանության կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը:
Երբ խոսում ենք ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մասին, պետք է հստակ գիտակցենք, որ առանց անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ: Այս առումով կարելի է վստահությամբ ասել, որ այսօր մարդկության առջև ծառացած մարտահրավերներից մեկը նաև ցեղասպանությունների ժխտողականության հաղթահարումն է, որի մասին հանգամանալից ներկայացրեց Մայքլ Բոլանդերը: Այս խիստ դատապարտելի երևույթի դեմ պայքարը նույնքան կարևոր է, որքան ցեղասպան միջավայրի ստեղծման, կամ հենց բուն զանգվածային սպանդի իրականացման կանխարգելման ջանքերը, ինչին անդրադարձավ Դոնալդ Բլոքսամը: Այստեղ կցանկանայի ևս մեկ անգամ վերհիշել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արտասանած իմաստուն խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:
Դատապարտելի են նաև խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ցեղասպանության ու մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտման քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների տառապանքների հավասարեցման փորձերը: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում ժխտման այս նոր մարտավարությանը: Ինչպես իրավացիորեն նշեց Ռոջեր Սմիթը, ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, սակայն հղկվել է մարտավարությունը:
Ֆորումի հարգելի՛ ներկաներ,
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի հիմնական դրույթներից մեկը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դատապարտումն է: Ժխտողականությունն է, որ գործող իշխանություններին դարձնում է անցյալում տեղի ունեցած ոճիրների հանցակիցը: Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Յաիր Աուրոնը այս թեմայի շուրջ արժեքավոր դիտարկումներ կատարեց: Ուշագրավ է մասնավորապես, որ երեկ իր ելույթում, Ռագիփ Զարակոլուն Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը համեմատեց յենիչերիների քայլերգի հետ` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ:
Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Վստահ եմ, որ Ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Ֆորումի աշխատանքներին իրենց արժեքավոր մասնակցությունը բերած բոլոր հոգևորականների ներդրման համար: Երախտագիտության խոսքեր եմ ցանկանում հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և աշխարհի տարբեր անկյուններից այստեղ հավաքված խորհրդարանականներին` Ֆորումին իրենց կարևոր նպաստը բերելու համար:
Եզրափակելով խոսքս, և օգտվելով առիթից, ես կցանկանայի երախտագիտությամբ հիշատակել վերջին միայն մեկ ամսում ընդունված կարևորագույն փաստաթղթերը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, Եվրախորհրդարանի բանաձևը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը և իհարկե Հռոմի պապի հայտարարությունը։
Այս կարևոր քայլերը վստահություն են ներշնչում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունն առավել միասնական դիրքորոշում կձևավորի և ի վերջո կկարողանա զարգացնել ցեղասպանությունների կանխարգելման իրապես արդյունավետ մեխանիզմներ՝ հիմնված այն գիտակցության վրա, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, դատապարտումը և ժխտողականության բացառումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից են: Արդեն իսկ կարելի է ասել, որ Երևանյան գլոբալ ֆորումի աշխատանքների ընթացքում թարմ գաղափարներ և կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք ամփոփված են Գլոբալ Ֆորումի հռչակագրի նախագծում: Վստահ եմ, որ այն որպես ուղեցույց կընդունվի՝ ի շահ մեր առջև ծառացած հիրավի գլոբալ առաքելության ի կատար ածման, հանուն ցեղասպանության հանցագործության կանխարգելման միասնական վճռականության:
Շնորհակալություն»: