Բաժիններ՝

Բողոքի ակցիա. պահանջում են Ախթալայում նոր պոչամբար կառուցել. լոլիկն այստեղ սևացած է աճում

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող «Նահատակի ձոր» պոչամբարի վիճակն աղետալի է: Այսօր Բնապահպանության նախարարության շենքի առջև էին հավաքվել Civil Voice հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և բնապահպաններ՝ բարձրաձայնելու պոչամբարի առաջացրած խնդիրների մասին: Նրանք պատկան մարմիններին երկխոսության կոչ էին անում: Civil Voice հ/կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի պատշաճ կարգով «Նահատակի ձոր» պոչամբարը ենթարկվի ռեկուլտիվացման, և սկսեն նոր պոչամբարի կառուցումը. «Սա լավագույն լուծումը չէ, սակայն ստեղծված պայմաններում կոմբինատի տնօրինությունը պարտավոր է քայլեր իրականացնել, պետք է հետևել օրենքի պահանջներին, որովհետև դրա կետերից մեկն էլ պոչամբարի պարտադիր ցանկապատումն է»: Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ երկար ժամանակ այս խնդրի հետ կապված պետական մարմինների կողմից լռություն պահպանելը պայթյունավտանգ է, քանի որ բնապահպաններն այս հարցում պետական աջակցության կարիք ունեն:

«Գնալով իրավիճակը սրվում է, պոչամբարի հարակից տարածքներում ապրող բնակչության համար առաջացել են մի շարք խնդիրներ՝ պոչամբարը ցանկապատված չէ, կոմբինատի կողմից ժամանակ առ ժամանակ բարձրացվում են պատնեշները, պատնեշների վնասման հետևանքով տեղի է ունեցել թունավոր նյութերի արտահոսք, որը հասել է ընդհուպ խմելու ջրի խողովակին»,- հայտնեց Ս. Ադամյանը՝ հավելելով, որ գիշերային ժամերին միտումնավոր իրականացվում է թունավոր նյութերի արտահոսք: Հ/կ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ վերջերս մեդիա արշավ է տեղի ունեցել, որին հետևել է բողոքի ակցիան, սակայն կոմբինատից որևէ արձագանք չի եղել:

Բ. Հարությունյանի խոսքով՝ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն արդեն հայտարարել է, որ նոր պոչամբարի համար 3-5 տարի ժամանակ է պետք, մինչդեռ գործող պոչամբարի մակարդակն ամեն տարի բարձրանում է 1-1,5 մետրով.

«Գերհագեցած պոչամբարի հետ գործ ունենք այս պահին, մյուս կողմից՝ նոր նախագիծ դեռ չկա: Գյուղապետը նշում է, որ հողերի կարգը փոխվել է, սակայն դեռ հատկացում չի արվել, այստեղ տրամաբանություն փնտրելն անհնար է»: Համայնքի բնակիչները, ըստ մեր զրուցակցի, մի քանի անգամ հայտնել են իրենց բողոքը: Նրանք այլևս չեն կարող հանդուրժել այս աղետալի վիճակը, քանի որ բնակչությունն այնտեղ հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, և նրանց աճեցրած լոլիկը և մնացած գյուղատնտեսական բարիքները սև գույն են ունենում, որը դժվար է դառնում շուկայում իրացնել:

«Բնակիչները պատմում են, որ անասունն ընկնում է պոչամբարի մեջ, և 150 հազար փոխհատուցմամբ հարցը լուծվում է, սակայն այս գործելաոճն այլևս չպետք է շարունակվի: Մենք շատ լավ հասկանում ենք, որ կոմբինատի գործունեությունն ապահովում է աշխատատեղեր, տնտեսական գործունեության արդյունքում՝ բյուջե գումարներ են մտնում, սակայն նման դեպքերում տնտեսվարողը պետք է հետևի որոշ խիստ կարևոր նորմերի»,- հայտնեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս