«Պետք չէ ավելի մեծ կարևորություն տալ Գալիպոլիի տոնակատարություններին, քան կա». թուրքական «Զաման» թերթի լրագրող
«Վատիկանում պատարագը, Հռոմի պապի հայտարարությունը նպաստեցին նրան, որ թուրք հասարակությունը, մի քիչ ավելի շատ հատված լսի և խոսի Ցեղասպանության մասին, և հասարակության մեջ ավելի շատ է քննարկվում Հայոց ցեղասպանության հարցը: Որքանով այստեղ են կարևոր միջոցառումներ տեղի ունենում, այնքան էլ այնտեղ»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ լրագրողներին հայտարարեց թուրքական «Զաման» պարբերականի ֆոտոլրագրող Սելահաթին Սևինը:
Ըստ նրա՝ Գալիպոլիի տոնակատարությունը նշելու են ապրիլի 24-25-ին, և որոշվել է փոքր-ինչ կերպով բալանսի բերել Ցեղասպանության 100-րդ տարելից հետ կապված միջոցառումների հետ, նաև մտածում են անվտանգության մասին, քանի որ արքայազն Չարլզը և այլ նախագահներ են լինելու Թուրքիայում, նաև երթ է լինելու. «Կարծում եմ, որ պետք չէ ավելի մեծ կարևորություն տալ Գալիպոլիի տոնակատարություններին, քան իրականում կա, քանի որ այնպիսի մարդիկ են գնալու, որ ճակատագրական նշանակություն չեն կարող տալ: Ի վերջո, Օբաման ո՛չ այնտեղ է լինելու, ո՛չ այստեղ: Միակ անակնկալը այն եղավ Թուրքիայի համար, որ Թուրքիայի հետ լավ հարաբերություն ուենցող ՌԴ նախագահն այստեղ է գալիս, ոչ թե այնտեղ: Սակայն Թուրքիան ու Ռուսաստանը տնտեսական շատ լուրջ կապեր ունեն, չեմ կարծում, որ հարաբերությունները կփչանան»:
«Ես առաջին անգամ չէ, որ Հայաստան եմ գալիս, և այժմ հենց 100-րդ տարելիցի համար չեմ եկել, ես սրանից 15 տարի առաջ էլ եմ եկել: Կարծում եմ, որ մեր՝ լրագրողներիս, առաքելությունը ոչ թե ճիշտ ու սխալ կողմերը գտնելն է, այլ դիմացի հասարակությանը պետք է փորձենք փոխանցել այն, ինչ կարծում է հակառակ կողմի հասարակությունը: Ես գալիս եմ մի երկրից, որտեղ 80 մլն բնակչություն կա և հասարակության մեջ շերտերը շատ տարբեր կարծիքներ ունեն, նույնիսկ կուսակցությունների մեջ էլ շատ տարբերություն կա»,- ասաց Սելահաթին Սևինը:
Թուրք ֆոտոլրագրողը կոչ արեց հայ լրագրողներին անձամբ գնալ Թուրքիա և հասկանալ, թե ինչ տրամադրություններ կան թուրք հասարկության մեջ: