«Գործով հետապնդվել է մեկ նպատակ՝ քրեական պատասխանատվության ենթարկել Վարդան Պետրոսյանին». Նիկոլայ Բաղդասարյան
Քրեական վերաքննիչ դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժողների ներկայացուցչի և դատախազի բողոքների վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նախ նշեց, որ այս գործով առանցքային հարցը եղել է, թե որտեղ է տեղի ունեցել ավտովթարը՝ ճանապարհի երթևեկելի մասո՞ւմ, թե՞ կողնակում: «Եթե վթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի մասում, ապա Վարդան Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում որևէ մեղք չունի: Դատաքննության ժամանակ վթարի տեղը որոշելու համար հիմք է ընդունվել քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրության մեջ նշված վթարի տեղը: Պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի վայրի զննություն կատարելով՝ վթարի տեղը որոշել անհնարին է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ այդ հանգամանքն այս գործով հնարավոր է պարզել միայն փորձաքննության միջոցով, որը մինչ օրս չի կատարվել:
«Պաշտպանության կողմը, գնահատելով գործում եղած ապացույցները և դրանք համադրելով դատաքննության ընթացքում վկաների ցուցմունքների հետ՝ պնդում է իր դիրքորոշումը նաև վերաքննիչ դատարանում, հարգելի դատարան, որ վթարի նախորդող պահին «Վազ 21213», այսինքն՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բաց է թողել դեպի Աշտարակ տանող ճանապարհը, այնուհետև արգելակել է իր ավտոմեքենան և հետընթաց կատարելով՝ փորձել է վերադառնալ դեպի Աշտարակ տանող ճանապարհ մուտքը: Սակայն նկատելով Եղվարդ քաղաքի կողմից դեպի իր ուղղությամբ մոտեցող BMW մակնիշի ավտոմեքենան, այսինքն՝ իմ վստահորդի վարած ավտոմեքենան, արգելակելով և ղեկը դեպի աջ պտտելով՝ ավտոմեքենան դեպի կողնակ դուրս բերելու նպատակով՝ փորձել է խուսափել ավտովթարից, սակայն «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, դեռևս գտնվելով շարժման մեջ (այսինքն՝ արագությունը նվազել է, բայց դեռևս արգելակված չի եղել)՝ բախվել է BMW մակնիշի ավտոմեքենային: BMW 320 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նկատելով դեպի իր կողմ հետընթացով երթևեկող «Վազ 21213» ավտոմեքենան, ևս դիմել է արգելակման և փորձել է ղեկը դեպի քիչ աջ շրջելով՝ խուսափել վթարից, սակայն BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վազ» ավտոմեքենային՝ ճանապարհի երթևեկելի մասում՝ ճամփեզրին: Պաշտպանության կողմը պնդում է, որ դատարանը (նկատի ունեմ առաջին ատյանի դատարանին) հիմք է ընդունել վթարին մասնակից միայն «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և նրա ավտոմեքենայի մեջ գտնվողների ցուցմունքները, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի, այսինքն՝ իմ պաշտպանյալի ցուցմունքներն ընդհանրապես չեն ստուգվել ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության ժամանակ: Նման պայմաններում գործի քննությունը չի կատարվել բազմակողմանի և օբյեկտիվ, այլ քրեական գործով հետապնդվել է մեկ նպատակ՝ քրեական պատասխանատվության ենթարկել Վարդան Պետրոսյանին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ դատախազի բողոքն ամբողջությամբ պետք է մերժել: Նա ասաց, որ իր բողոքը հիմնավորելու համար դատախազը վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. որոշումներից մեկը, որը, իր կարծիքով, այս գործով կիրառելի չէ, քանի որ, ըստ պաշտպանի՝ վճռաբեկ դատարանն այդ գործով քննարկել է ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն կիրառելու կամ չկիրառելու հարցը, իսկ պատժի մասով դատական ակտը չի փոփոխվել:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ բողոքը հիմնավորելու համար դատախազի կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 2009թ. որոշումներից մեկը որևէ կապ չունի այս գործի հետ. այդ գործով ամբաստանյալն ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ դիմադրություն է ցույց տվել Ոստիկանության աշխատակիցներին, այդ գործով վճռաբեկ դատարանը բարձրացել է հարցը՝ արդյոք նրա նկատմամբ պատիժ ընտրելիս հաշվի առնվե՞լ են կատարված արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը: Այդ գործով վճռաբեկ դատարանը, ըստ փաստաբանի, խնդիր է տեսել նրանում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հնարավորություն է տալիս ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ ընտրել տուգանք, կալանք կամ ազատազրկում: «Վարդան Պետրոսյանը չի մեղադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, իրեն մեղսագրված հոդվածի սանկցիան այլընտրանքային չէ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ հետևաբար՝ վկայակոչված որոշումն այս գործի հետ կապ չունի:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինչ վերաբերում է նրան, որ Վարդան Պետրոսյանը թույլ է տվել արարք, որի հետևանքով երկու անձ զոհվել է, ապա այդ հանգամանքը հաշվի է առնվում արարքը որակելիս, այլ ոչ թե պատժաչափ նշանակելիս:
Անդրադառնալով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքին՝ նա ասաց, որ այն ևս պետք է ամբողջությամբ մերժել: «Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար նշել է, որ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել, որ վթարի առաջացումը պայմանավորված է եղել ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանի կողմից ճանապարհի տվյալ հատվածում գերազանցող արագությամբ ընթանալով, հեռախոսով խոսելու հանգամանքով, և, որ վթարի նախորդող պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գտնվել է հողածածկ գոտում և ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի համար որևէ խոչընդոտ կամ վտանգ չի առաջացրել (մեր կարծիքով՝ բողոք բերողը նկատի ունի ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղսագրվող` կառավարման կորուստի առաջացումը): Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերը նշված փաստարկներն անհիմն են, քանի որ դատարանն իր դատավճռի 36-րդ էջի 3-րդ պարբերության մեջ նշել է.
«Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանը … գերազանցել է արագությունը և խոսելիս է եղել հեռախոսով, … որի հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը և պայմանավորել վթարի առաջացումը»: Այսինքն, դատարանն իր դատավճռում նշել է, որ հաշվի է առել փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքում վերը նշված բոլոր հանգամանքները, հետևաբար՝ փաստաբան Ռուբեն Բալոյանի պնդումը, որ դատարանը հաշվի չի առել իր կողմից նշված հանգամանքները, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանը հաշվի չի առել Վարդան Պետրոսյանի վարքագիծը հանցանքը կատարելուց հետո, մասնավորապես, որ Վարդան Պետրոսյանը ծանր վիրահատությունից 13 օր անց, այլ բաժանմունք տեղափոխվելու փոխարեն` անհետացել է, կորել է քննիչի տեսադաշտից, ինչը վկայում է այն մասին, որ վերջինս փորձ է արել թաքնվել վարույթ իրականացնող մարմնից և խուսափել պատասխանատվությունից:
«Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերը նշված փաստերը որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ Վարդան Պետրոսյանի պատիժը ծանրացնելուն, բացի այդ, դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ քրեական գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Վարդան Պետրոսյանի դատական նիստի ժամանակ տված ցուցմունքով, ինչպես նաև քրեական գործին կցված մի շարք տեղեկանքներով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից դուրս գրման պահին գտնվել է վկայի կարգավիճակում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ պարտավորություն չի կրել՝ քննիչին տեղեկացնելու իր կողմից հիվանդանոցից դուրս գրվելու մասին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեղափոխվել է նրա քրոջը պատկանող բնակարան, որի մասին քույրը հայտնել է քննիչին, իսկ քննիչն այդ փաստն ընդունել է իր իսկ կողմից կազմած «քրեական գործում, որն ամբողջությամբ հետազոտվել է դատարանի կողմից, որևէ ապացույց գոյություն չունի, համաձայն որի՝ Վարդան Պետրոսյանը փորձ է արել թաքնվել վարույթ իրականացնող մարմնից»: